Հոկտեմբերի 10-ին լրացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 5 տարին: Առաջիկայում նախատեսվում էր անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Սակայն, որոշում կայացվեց, որ Վանաձոր համայնքը եւս պետք է խոշորացվի: Մարզկենտրոնին կմիանան՝ Գուգարք, Շահումյան եւ Դարպաս համայնքները:
Օրենքի համաձայն՝ Երեւանի, Գյումրու եւ Վանաձոր քաղաքների դեպքում, գործող քաղաքապետը պետք է պաշտոնավարեր այնքան ժամանակ, մինչեւ կգումարվեր նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
Մինչդեռ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վանիկ Օհանյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Օհանյանին ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմին. «Շարունակելու ենք համայնքապետարանի բնականոն գործունեությունը, առանց վայրիվերումների: Իհարկե, կլինեն որոշակի փոփոխություններ՝ ի նպաստ մեր համայնքի եւ մեր բնակչության»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վանիկ Օհանյանը:
Կարդացեք նաև
Օհանյանի խոսքով՝ ինքն ընդամենը 2 օր առաջ է տեղեկացել քաղաքական այս որոշման մասին. «Պարոն մարզպետը նշեց, որ ես չեմ հանդիսանում համայնքապետի պաշտոնի համար թեկնածու: Այնպես, որ որոշում կլինի, քննարկումներ կլինեն, կտեսնենք: Այս փուլում այսքանն է»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ