Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախ ենք աջակցել երիտասարդներին, ստեղծարարությանը եւ Ֆրանկոֆոնիային». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հոկտեմբեր 12,2021 18:05

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Անն Լույոն Ֆրանսիայի դեսպանությունում կայացած ասուլիսում ներկայացրեց ֆրանսահայ ռեժիսոր և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի երկլեզու Դրամատիկական արվեստանոցը: Դեսպանն ասաց, որ ուրախ է իրենց հարկի տակ տեսնել դրամատիկական արվեստով այդքան շատ հետաքրքրված մարդկանց, նաեւ հավելեց, որ Սերժ Ավետիքյանն իր տանն է:

«Սա մի հրաշալի նախագիծ է, որտեղ Ֆրանսիական դեսպանությունն իր համեստ ներդրումն ունի այն կայացնելու համար»,-նշեց դեսպանը: Ապա նախագիծը կարեւորեց մի քանի առումներով` դեսպանությունը Հայաստանի համար դժվարին ժամանակներում սիրով է աջակցել երիտասարդներին եւ ստեղծարարությանը: «Սա նաեւ աջակցություն է Ֆրանկոֆոնիային, քանի որ աշխատարանները ֆրանսերենով են»,-նշեց տիկին Լույոն:

Սերժ Ավետիքյանն ասաց, որ առանց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեի մասնակցության` նախագիծը հունի մեջ չէր ընկնի: Ռեժիսորն ընդգծեց, որ ուրախ է այս նախագծում Ֆրանսիայի ներկայության համար. «Ուրախ եմ, որ Հայաստանը վերջապես Ֆրանկոֆոն երկիր է, եւ դա կարող ենք առաջ տանել ոչ միայն գրականության, այլեւ արվեստի միջոցով: Ի դեպ, տիկին դեսպանն ասաց, որ դեսպանության ներդրումը համեստ է, սակայն, իրականում ամենամեծ հովանավորը հենց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն է»:

Ինչ վերաբերում է երկլեզու Դրամատիկական արվեստանոցին, այն դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև վերջին տասնամյակների աշխատանքի արդյունքում մտահղացված նախագիծ է, որի նպատակն է հայ երիտասարդ արտիստներին հնարավորություն ընձեռել սովորել և կատարելագործել դրամատիկական արվեստի տեխնիկաները՝ ֆրանսիացի պրոֆեսիոնալ ռեժիսորների, բեմադրիչների և դերասանների հետ, որոնք կժամանեն Հայաստան բերելով իրենց` հարստացնող փորձը եւ տարբերվող տեսլականը։ Նախագծի մաս է կազմում նաև հայաստանաբնակ ֆրանսախոս թիմը՝ այդ թվում ֆրանսերենի ուսուցիչներն ու թարգմանիչները: Նախագծին աջակցում է նաեւ «Ազնավուր» հիմնադրամը` ի դեմս Նիկոլա Ազնավուրի:

Գիյոմ Նարժոլեն նշեց, որ երբ Սերժ Ավետիքյանը ներկայացրել է նախագիծը, իրենք ոչ միայն ոգեւորվել են, այլեւ պարտավորված են զգացել աջակցել դրա իրականացմանը: «Լեզուներ, արվեստ, մշակույթ` սրանք այն երեւույթներն են, որոնք թույլ են տալիս երազել, որ կյանքը շարունակվում է»,-ընդգծեց նա:

Սերժ Ավետիքյանը հավելեց, որ նախագիծը ունի 6 ամսվա տեւողություն, այժմ ինքն է վարպետության դասընթաց անցկացնում, հետագայում կժամանեն տարբեր արվեստագետներ, այդ թվում`«Օդեոն» թատրոնի տնօրենը, որի սիրած հեղինակը Չեխովն է, եւ Հայաստանում ֆրանսիական ոճով Չեխով կներկայացվի: Հունվարին երիտասարդների հետ, որոնց թվում նաեւ արցախցիներ կան, կաշխատի ֆրանսիացի դերասանուհի, սցենարիստ, «Ճանապարհորդություն դեպի Հայաստան ֆիլմի սցենարի համահեղինակ» Արիան Ասկարիդը: Սերժ Ավետիքյանը ժպտալով կրկին ընդգծելով աշխատարանների ֆրանսերեն լեզվով իրականացումը` ասաց, որ Ասկարիդը հայերեն միայն մեկ բառ գիտի` դա վարսավիրանոցն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031