Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած ասուլիսում ասաց, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն անգործության է մատնված, միայն տեղակալի ընտրության օրակարգով 7 անգամ արտահերթ նիստ է հրավիրել, ոչ մի այլ հարցով նիստ չի եղել, հերթական նիստ էլ մինչեւ այժմ տեղի չի ունեցել: Նա հայտարարեց, որ ընդդիմությունն այլ թեկնածու չի առաջադրելու հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում. «Իշխանությունը չի կարող ընդդիմությանը պարտադրել իրեն հաճելի թեկնածուին: Մենք այդ պաշտոնը չենք զիջելու իշխանությանը, որովհետեւ, եթե ընդդիմությունը թեկնածու չառաջադրի՝ այդ պաշտոնը, կանոնակարգի համաձայն, անցնում է իշխանությանը»:
Արթուր Ղազինյանի խոսքով, պաշտպանության եւ անվտանգության ոլորտում տիրող տագնապային, կոլապսային իրավիճակը կարծես թե հանձնաժողովին առանձնապես չի մտահոգում. «Մենք 3-4 անգամ փորձեր արեցինք բովանդակային եւ խորքային ուսումնասիրություն, քննարկում իրականացնել ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, ինքնիշխանությանը սպառանացող վտանգների ու տեղի ունեցած հանցագործությունների ուսումնասիրության նպատակով, բայց բոլոր փորձերը մերժվել են։ Նախորդ անգամ ներկայացվել էր արտահերթ նիստ հրավիրելու պահանջ, ինչը կանոնակարգ օրենքի ակնհայտ խախտմամբ չեղավ, արտահերթ նիստ չհրավիրվեց իշխանական պատգամավորների, հանձնաժողովի նախագահի չներկայանալու պատճառով»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հավելեց՝ օգոստոսի 2-ին ձեւավորվել է Ազգային ժողով, այսօր արդեն հոկտեմբերի 12-ն է, պաշտպանության հանձնաժողովում որեւէ այլ հարց չի քննարկվել՝ բացառությամբ հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցի:
Հարցին՝ ճի՞շտ է, որ ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, Արթուր Ղազինյանն ասաց. «Ես զբաղվել եմ գիտությամբ, ես օգտվել եմ պետության կողմից տրված տարկետման իրավունքից»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանձնաժողովի նիստին չեն մասնակցում, քանի որ նախորդ նիստերին, հատկապես՝ առաջին երեքին, բոլոր հարցերը հնչել են եւ տրվել են պատասխաններ։
Արթուր Ղազինյանը նաեւ հայտնեց, որ կրկին պահանջ են ներկայացրել՝ հրավիրելու հանձնաժողովի արտահերթ նիստ. «Առաջարկում ենք հոկտեմբերի 15-ին, ժամը 13։00-ին հրավիրել հանձնաժողովի արտահերթ նիստ»: Ասաց, որ նիստի օրակարգը վերաբերում է անվտանգության հարցերին. «Դա այսօր թիվ մեկ հրամայականն է, հարցը վերաբերում է ՀՀ-ի հարավ-արեւելյան սահմանին տիրող իրավիճակին, հարցը վերաբերում է դեկտեմբերին ՀՀ ԶՈՒ զբաղեցրած դիրքերից հետ քաշելու սահմանադրաիրավական եւ ռազմաքաղաքական հիմնավորվածությանը, թե որքանով այդ հրամանը համապատասխանել ՀՀ գործող օրենսդրությանը եւ որքանով է այն արդարացված եղել ռազմաքաղաքական իմաստով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ