Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում եւ մեզ ստիպում են ասել՝ սեւը՝ սպիտակ է». Լենսեր Աղալովյան

Հոկտեմբեր 12,2021 17:39

«Մենք հիմա ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում եւ մեզ ստիպում են ասել՝ սեւը՝ սպիտակ է». սա Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի՝ մեր իրականության արձանագրումն է: Ակադեմիկոսն այս եզրահանգմանն է եկել երկար ճանապարհ անցնելուց հետո:

Հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ, ԳԱԱ նախագահի երեք թեկնածուներից Լենսեր Աղալովյանը դիմել էր ԿԳՄՍՆ՝ նախագահության նոր ընտրություններ կամ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու պահանջով: Ակադեմիկոսը պնդում է, որ ԳԱԱ նախագահի ընտրությունների ընթացքում տեղի է ունեցել կոպիտ խախտում, եւ խախտվել է իր՝ որպես թեկնածուի իրավունքը: Նրա խոսքով՝ ընտրության երկրորդ փուլում մրցակցությունը պետք է կատարվեր առավելագույն ձայներ ստացած առնվազն երկու թեկնածուների միջեւ, այնինչ այս պարագայում միայն մեկ թեկնածու է անցել երկրորդ փուլ, ուստիեւ երկրորդ փուլի անցկացումը, ըստ էության, իմաստազրկվել է:

Ակադեմիկոսի նամակին պատասխանում է նախարարի տեղակալը՝ փաստելով, որ ԳԱԱ նախագահի ընտրությունները կանոնադրական խախտումով չեն եղել, քանի որ դրանք տեղի են ունեցել 2011 թվականի կանոնակարգով ու դրան համապատասխան: Նախարարության պատասխանում նաեւ ամրագրված է, որ ԳԱԱ-ն ինքնուրույն գործող միավոր է եւ ենթակա է կառավարությանը, ուստի, նախարարությունը չի կարող եւ չի ցանկանում խառնվել ԳԱԱ գործերին: «Բայց երբ դու գնահատական ես տալիս, որ 2011 թվականի կանոնակարգով են եղել ընտրությունները եւ խախտում չկա, արդեն խառնվում ես»,-տարակուսում է ակադեմիկոսը եւ շարունակում պատմել, որ այս անգամ արդեն իր բողոքը՝ էլեկտրոնային տարբերակով, հուլիսի 14-ին, ուղղել է վարչապետի մամուլի քարտուղարին եւ նրա երկու օգնականներին՝ հուսով, որ այն կհասնի կառավարության ղեկավարին:

Ավելի ուշ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից է նամակ-հարցում ստանում այն մասին, թե իր ուղարկած նամակը չեն կարողանում գտնել եւ խնդրում է հստակեցնել, թե ո՞ւմ է ուղարկվել այն: Ակադեմիկոսն այս անգամ իր դիմում-բողոքն ուղարկում է Արայիկ Հարությունյանին՝ դարձյալ հուսով, որ այն կփոխանցվի Նիկոլ Փաշինյանին, որն անընդհատ խոսում է արդարությունից, անօրինականությունները վերացնելուց:

Օգոստոսի 16-ին պատասխան է ստանում ԿԳՍՄ գլխավոր քարտուղարի ստորագրությամբ: Վերջինս տեղեկացնում է, որ կառավարությունից են հանձնարարել, որ պատասխանի եւ բառացի կրկնում է ԿԳՍՄ փոխնախարարի՝ արդեն մեկուկես ամիս առաջ ուղարկած հիմնավորումը: Ակադեմիկոսը պատասխանում է նամակին, մեկ օրինակը կրկին ուղարկելով Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով, որ իրեն պատասխան տրվի վարչապետի ստորագրությամբ: Որոշ ժամանակ անց Արայիկ Հարությունյանից ստանում է պատասխան՝ հորդորով՝ առաջնորդվել նախարարության բացատրությամբ: «Սրանով հարցը փակվել է, էլ ի՞նչ անենք»,- ասաց Լենսեր Աղալովյանը՝ պարզաբանելով ծուռ հայելիների թագավորության մասին իր եզրահանգումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031