Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

«Անգամ հրամանատարները չեն իմացել՝ ուր են գնում, հայկական տանկերը չեն իմացել՝ հայ տղաներ են, սկսել են կրակել». զոհված կամավորականի եղբայրը՝ Լելե թեփեի օպերացիայի մասին

Հոկտեմբեր 12,2021 17:19

«Իրենք էլ գիտեն, որ այդպես չէ: Ես անձամբ ճանաչում եմ 30-ից ավելի ծնողների, որոնց հարազատները, երեխաները զոհվել են հենց Հորադիզի՝ հոկտեմբերի 7-ի Լելե Թեփե օպերացիայի ժամանակ: Ախր դա գաղտնի պահելու բան չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Մանվելյանի եղբայր Իշխան Մանվելյանը:

 

Նա ասաց՝ իր եղբայրը զոհվել է Լելե թեփեի» (Վարազաթումբ) բարձունքը գրավելու օպերացիայի ժամանակ:

Արթուր Մանվելյանը 40 տարեկան էր, 2020-ի սեպտեմբերի 12-ին նոր էր վերադարձել Ռուսաստանից, երբ սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, նա միանգամից որոշել է կամավորագրվել: Եղբայրը պատմեց. «Մենք չգիտեինք նրա որոշման մասին: Նա խանութից զինվորական համազգեստը գնեց, եկավ տուն, հայտնեց իր որոշման մասին»:

Արթուր Մանվելյանը երկու անչափահաս երեխա ունի: Մանվելյանը նշեց՝ 2020-ի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16.30-ին, եղբայրը զանգել, ասել է՝ իրենց տեղափոխում են ինչ-որ տեղ: Այնուհետև մանրամասնեց. «Հետո կամավորականներից եմ իմացել, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան պետք է Հորադիզ գյուղի մոտակայքով մինչև Արաքս գետը ճեղքեին, երկու գումարտակ պիտի մասնակցեր: Արթուրն առաջինի մեջ էր: Չհասած մոտ 4 կմ Արաքսին, Հորադիզ գյուղն անցել են, ու արկի պայթյուն է տեղի ունեցել: Արթուրը ծանր վիրավորվել է, հետո զոհվել: Տղաները պատմում են՝ ոչ մեկ չի իմացել՝ ուր են գնում, իրենց ասել են՝ գնում են դիրքեր պահելու»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ նման կարևոր օպերացիաներին, գործողություններին պետք է մասնակցեն հատուկջոկատայիններ, տեղանքին ծանոթ մարդիկ: Ու նշեց. «Երբ ես հրամանատարի հետ խոսել եմ, պարզվել է՝ անգամ հրամանատարները չեն իմացել՝ ուր են գնում ու ինչ պիտի անեն: Պատմում են, որ երկրորդ գումարտակը պետք է իրենց օգնության գար, չի եկել, սկսել են արդեն անօդաչուների ռմբակոծություն, շատ տղաներ զոհվել են, իսկ մեր հայկական տանկերը, որ չեն իմացել, որ այդտեղ հայ տղաներ են, սկսել են կրակել»:

Իշխան Մանվելյանը նշեց՝ Արթուրն ամեն օր առավոտյան, երեկոյան զանգում էր, հոկտեմբերի 7-ին չի զանգել: Դրանից հետո ինքը զանգել է իր արցախցի ընկերներին, սակայն նրանք, իմանալով Արթուրի մահվան մասին, ոչինչ չեն ասել: Հետո այլ տեղից է ստացել տեղեկություն, որ Արթուրն արկի պայթյունից զոհվել է:

Ըստ զոհված կամավորականի եղբոր՝ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները պատշաճ չէին կազմակերպված. «Գորիս, Մեծամոր դիահերձարաններում ման էի գալիս, դեկտեմբերի 15-ին մի շարք ծնողների շնորհիվ, որ պետք է ծնողներն էլ մասնակցեն որոնողական աշխատանքներին, ես էլ մեկնեցի Արցախ: Այնտեղ գտա հրամանատարին, ասացի, նշի՝ որտեղ եք թողել տղաներին, ցույց տվեց տեղը: Գնացի քարտեզագրման տեղը, ասացի՝ եղբայրս այստեղ է, ասացին՝ նման բան լինել չի կարող. այնտեղ պատերազմ չի եղել: Զանգեցի, տվեցի հրամանատարին, հարցրի՝ որտե՞ղ ես թողել զինվորներին, ասաց Հորադիզում՝ ֆերմաների դիմաց, 500 մ վերև: Ասաց 21 զինվոր են: Նոր միայն դեկտեմբերի 15-ին քարտեզի վրա նշեցին, որ այդտեղ այդքան զինվոր ունեն: Ինձ թվում է՝ դժվար չէր պատերազմը վերջանալուն պես հավաքվեին բոլոր հրամանատարները, հարցում անեին՝ որտե՞ղ եք թողել ձեր զորքին: Հրամանատարին ընդգրկեցինք որոնողական աշխատանքներում, գնացինք՝ որտեղ թողել էին տղերքին, այնտեղից էլ դուրս ենք բերել: ԴՆԹ-ն հաստատվեց, փետրվարի 13-ին եղբորս հուղարկավորեցինք Աբովյան պանթեոնում»:

Մեր հիշեցմանը՝ հայտարարություններ հնչեցին, որ Լելե թեփեի գործողությունների ժամանակ շատ զոհեր չենք ունեցել, Իշխան Մանվելյանն այսպես արձագանքեց. «Երկու հոգի ասելով չէ: Դիպուկահարները 9 հոգի, մեր Մարտունի 2 գնդից մոտ 21 հոգի զովել է, տանկիստները, շատ են զոհերը: Դրանք միայն իմ իմացած տվյալներով: Հորադիզի այդ դիրքը՝ Հորադիզի այդ վերջնահատվածը, միայն հոկտեմբերի 7-ին են կարողացել ճեղքել, անցնել: Ճիշտ է՝ շատ են օպերացիաներ այդտեղ եղել, բայց այդքան խորը չեն կարողացել գալ, մեր զորքն այդքան չի կարողացել մոտենալ Արաքս գետին: Նույնիսկ, երբ Գուգլն իր քարտեզը թարմացրեց, այն ցույց էր տալիս, որ չորս կողմը լրիվ ադրբեջանական զորքեր են՝ իրենց տեխնիկայով: Նույնիսկ Գուգլի քարտեզում երևացել է, որ ադրբեջանական զորքերն են շուրջբոլորը, սակայն մեր զորքին ուղարկել են այդ օպերացիային: Մեր հետախուզությունը ճիշտ չի աշխատել. իրենք կարող էին այդքանն իմանալ, կարող էինք նախօրոք պատրաստված լինել: Բացի այդ՝ ո՞նց կարելի է պատերազմի դաշտում 1700-2000 աճյուն թողնել: Դա մեր անկազմակերպվածությունն է եղել, հրամանատարների անփութությունը: Խոսել եմ կամավորականների հետ. նրանք պատմում էին, որ իրենց ասում էին՝ վիրավորներին չնայեք, առաջ ենք գնում, երկրորդ գումարտակը կգա, դուրս կբերի: Կան տղաներ, որ դա կարող են ապացուցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031