Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատարիմ ենք մնացել մեր առաքելությանը». ԵՊՀ մանկավարժության ամբիոնը 100 տարեկան է

Հոկտեմբեր 12,2021 16:50

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որը կազմակերպել էր ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը:

Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանի բացման խոսքով. «Այսօր լրանում է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման 100-ամյակը, իսկ դա նշանակում է արդյունավետ գործունեության երկար ու ձիգ ճանապարհ, ձեռքբերումներ ու հաջողություններ, ստեղծագործ աշխատանք, մեծ նվիրում, երիտասարդ սերունդ կրթելու և որակյալ մասնագետներ պատրաստելու մեծ առաքելություն: Գիտական գործունեության ողջ ընթացքում կենտրոնն իր առջև դրել է մի մեծ նպատակ՝ պահպանել մեր ավագ գործընկերների ստեղծած արժեքները և զարգացնել ու նոր որակի բարձրացնել Մանկավարժության ամբիոնի գիտակրթական աշխատանքը: Եվ այսօր մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք հավատարիմ ենք մնացել մեր մեծ առաքելությանը»:

Հանդիսավոր նիստի ընթացքում ամբիոնի դասախոսները պարգևատրվեցին համալսարանի արծաթե և բրոնզե մեդալներով, պատվոգրերով, ինչից հետո ցուցադրվեց Մանկավարժության ամբիոնի գիտակրթական բեղմնավոր գործունեության, անցած 100-ամյա ուղու մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը:


Մանկավարժության ամբիոնի գիտակրթական արդյունավետ գործունեությանն անդրադարձավ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, որն արժևորեց ամբիոնի տեղական և միջազգային գործունեությունը՝ կարևորելով վերջինիս ներդրումը համալսարանական կյանքում:

«Այսօր հիրավի նշանակալի օր է Մայր բուհի կյանքում, քանի որ Մանկավարժության ամբիոնն այն հիմնասյուներից է, որի վրա կառուցվել է համալսարանի հարյուրամյա պատմությունը: Մենք բոլորս մանկավարժներ ենք, մեր կյանքը նվիրել ենք մեր հայրերին ու պետությանն արժանի երիտասարդ սերնդի դաստիարակությանը: Այս գործում անգնահատելի է համալսարանի դերը»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը և հավելեց, որ Մանկավարժության ամբիոնն այսօր էլ շարունակում է լինել մանկավարժական առաջատար գաղափարների ներմուծողն ու նորարարը։

Ռեկտորի ժ.պ.-ն Նազիկ Հարությունյանին նվիրեց Արցախից բերված «Մոխանք Արևագորգ»:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը կարևորեց ամբիոնի դերակատարությունը նորարարական գաղափարների տարածման և մանկավարժության զարգացման տեսանկյունից. «Մեր բուհական համակարգի ամենակարևոր գործը նոր սերունդ կրթելն է՝ կիրառելով նոր մոտեցումներ ու տեխնոլոգիաներ, քանի որ 20-րդ դարի կրթությունն էապես տարբերվում է նոր ժամանակների կրթությունից: Այն երկրները, որոնք կկարողանան կրթական համակարգը հարմարեցնել ժամանակի պահանջներին, կլինեն առաջամարտիկները: Այս գործընթացները, որտեղ անչափ կարևոր է մանկավարժների դերը, աստիճանաբար են կատարվում: Վստահ եմ, որ ԵՊՀ մանկավարժության ամբիոնը կունենա իր ներդրումը տվյալ գործում»:

ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ողջույնի խոսքում նշեց, որ ամբիոնի գործունեության ընթացքը նշանակալից է համալսարանի գիտակրթական զարգացման գործում. «Հարյուր տարիների ընթացքում ամբիոնը կարողացել է ձևավորել մի շարք կրթական ավանդույթներ, միևնույն ժամանակ որդեգրել է ինովացիոն մոտեցումներ: Ամբիոնը շատ հաճախ մեզ համար դարձել է նորարարական մի հարթակ, որտեղ մենք հնարավորություն ենք ունեցել փորձարկելու տարբեր մոտեցումներ ու մեթոդներ»:

Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորական ուղերձներ Ավստրիայի Գրացի, Լեհաստանի Վարշավայի և Ժեշովի, ինչպես նաև ՌԴ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարաններից:

Հոբելյանական միջոցառման ընթացքում ողջույնի խոսքերով հանդես եկան ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, գերաշնորհ տեր Անուշավան եպս. Ժամկոչյանը, հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներ:

«Շատ դժվար ճանապարհ է անցել հայ մանկավարժը դարերի հորձանուտներում, աննկարագրելի թռիչքներ է իրականացրել, արհամարhել դարերի ընթացքում կրած հարվածները և շարունակել իր աստվածահաճո լուսավորության գործը՝ մխիթարելով, գոտեպնդելով, ուղղորդելով ու առաջնորդելով հայ մանկանն ու երիտասարդին»,- ասաց Աստվածաբանության ֆակուլտետի դեկանը:

Բանախոսները կարևորեցին ԵՊՀ մանկավարժության ամբիոնի մշտական համագործակցությունը հայաստանյան բուհերի հետ, ինչպես նաև բացառիկ համարեցին պարբերաբար կազմակերպվող միջազգային գիտաժողովների, կենտրոնում գործող «Կրթությունը 21-րդ դարում» գիտամեթոդական միջազգային գրախոսվող հանդեսի միջոցով մանկավարժական մտքի ժամանակակից ուղենիշների ներդրման և տարածման գործում ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դերակատարությունը:

ԵՊՀ ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանը նկատեց, որ այսօր էլ Հայաստանում կրթության կազմակերպման գործում մանկավարժի բարդ ու պատվաբեր մասնագիտությունն են ընտրում ուսանողներից շատերը, որոնք ցանկություն ունեն սերունդների կրթման գործում իրենց գիտելիքներն ի սպաս դնելու և զինվելու մասնագիտական ամուր գիտելիքներով, Մանկավարժության ամբիոնն այդ առումով մշտապես ուսանողների կողքին է:

Նազիկ Հարությունյանը ներկայացրեց «Մանկավարժության ամբիոնի 100-ամյա անցած ուղին» խորագրով տպագրված գիրքը, որն իր նկարազարդ էջերում ամփոփում է 100-ամյա ամբիոնի գործունեությունը: Հավելենք, որ գիրքը տպագրվել է «Վարդանանք» կրթահամալիրի մեկենասությամբ։

«Լավագույն ուսանող» անվանակարգում խրախուսական պատվոգրեր շնորհվեցին կենտրոնի երկու ուսանողի՝ բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Ոսկանյանին և մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողուհի Մանե Ալեքսանյանին:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց ԵՊՀ մանկավարժության ամբիոնի՝ աշխարհով մեկ սփռված շրջանավարտների երախտիքի խոսքերն ու շնորհավորանքներն ամփոփող տեսաֆիլմ, որից հետո հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց «Էլեգիա» երաժշտական քառյակի կատարումներով:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031