«Աննախադեպ ուշադրություն է դարձվում հուշարձանների պահպանման ու վերականգնման աշխատանքներին: Բնականաբար, մեր արժեքները շատ ավելին են` եւ իրենց ծավալներով, եւ իրենց հետ կապված խնդիրներով, քան կարող ենք դրանք լուծել պետական հատկացումների տրամաբանության մեջ:
Դրա համար կառավարության ծրագրում նպատակ ենք դրել խթանել մասնավոր հատված-պետական քաղաքականություն հարաբերությունները»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նրա խոսքով, ներկայումս ունենք մի իրողություն, երբ հաճախ որոշ կարեւոր պատմամշակութային միջավայրեր եւ հուշարձաններ հայտնվել են մասնավոր սեփականատերերի տարածքում եւ ժամանակին ինչ-ինչ ճանապարհով սեփականաշնորհվել են:
«Այդ պատճառով մենք պարբերաբար խնդիրներ ենք ունենում ներդրումների առումով: Չնայած սրան` պետք է ստեղծված իրավիճակը դիտարկենք ոչ թե որպես խնդիր, այլ որպես հնարավորություն եւ հեռանկար: Հաջող փորձեր արդեն ունենք, երբ սեփականատերերն իրենք են ֆինանսավորում պեղումների աշխատանքները` հասկանալով, մեծանում է այն վայրի հանրային հնչեղությունը, որտեղ արժեքներ են գտնվում եւ որտեղ իրենք ներդրումներ են արել:
Կարդացեք նաև
Այստեղ պետք է կառուցողական զրույց վարենք սեփականատերերի հետ, ոչ թե փորձենք օրենսդրական տարբեր լծակներով անհարմարություններ ստեղծել նրանց համար այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր են բանակցությունները, քննարկումները»,-ընդգծեց նախարարի տեղակալը:
Նա հայտնեց, որ վերջերս այցելել են Արտաշատ. «Մեր հնագետներն ուղղակի զարմանալի արդյունքներ են գրանցում Արտաշատի պեղումներին: Գերմանիայից ունենք մասնագետներ, եւ արդեն գերմանական հնագիտական հանրությունն է արձագանքում այդ արդյունքներին:
Արտաշատը մեզ համար բացառիկ կարեւորություն ունի ոչ միայն որպես հնագիտական, պատմական եւ մշակութաբանական արժեք, այլեւ շատ մեծ է նրա զբոսաշրջային հեռանկարը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ