Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը նախկինում պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների եւ ասֆալտի գործարանի տնօրեն իր եղբոր միջեւ համեմատություն անցկացնելը շինծու թեմա է համարում

Հոկտեմբեր 12,2021 16:27

Լրագրողները այսօր ԱԺ-ում Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ նրա եղբայրը ասֆալտի գործարանի տնօրեն է եւ այդ գործարանը խոշոր մրցույթ է շահել: Ի պատասխան նա սկզբում ասաց, որ դեղին հարցերի չի պատասխանում: Միայն արձանագրեց, որ այդ մարդիկ, որ գրում են, զբաղված են իր անուն-ազգանունով հոդված ստեղծելով: «Իմ եղբայրը եւ այդ կազմակերպությունը մասնակցել են 40-ից ավելի մրցույթի, իրենց համար ոչ այնքան շահեկան շահել են օրենքով նախատեսված ձեւով: Այնտեղ կան կազմակերպություններ, որ փոխկապակցված են տարբեր տեսակ ընդդիմադիր թեւերի հետ»,- ասաց պարոն Սիմոնյանը:

Հարցին, թե այսինքն ինքը հերքո՞ւմ է, որ իր եղբայրը այդ գործարանի տնօրենն է եւ այդ գործարանը շահել է խոշոր մրցույթ, Ալեն Սիմոնյանը, այնուամենայնիվ, պատասխանեց. «Խոշոր երկու մրցույթ շահել է այդ կազմակերպությունը: Իմ եղբայրը աշխատում է այդ կազմակերպությունում որպես տնօրեն: Կարող էր որպես հաշվապահ աշխատել: Բայց սեփականատիրության հետ կապված, իմ եղբոր ունեցվածքը այդ շահումից որեւէ ձեւով ոչ ավելանալու է, ոչ իջնելու է»: Բանախոսը հստակ չպատասխանեց հարցին, թե պատահականությո՞ւն է եղել այդ շահումը՝ հորդորելով հետաքրքրվել, թե մնացած կազմակերպությունները ում հետ են փոխկապակցված:

Լրագրողները հնարավոր կոռուպցիայի թեման շարունակելով՝ հիշեցրին, որ երբ նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ էին, այն ժամանակվա ընդդիմությունը, այդ թվում նաեւ Ալեն Սիմոնյանը, միանգամից քննադատում էին՝ կոռուպցիոն ռիսկեր տեսնելով: Հիմա ի՞նչ փոխվեց: «Իսկ դուք տարբերո՞ւմ եք սեփականատիրոջը աշխատողից: Այսինքն, իմ եղբայրը պետք է ոչ մի տեղ չաշխատի՞: Ես համարում եմ, որ սա շինծու թեմա է»,-հակադարձեց ԱԺ նախագահը:

Ու լրատվամիջոցներին առաջարկեց հետաքննություն անցկացնել, թե իր եղբոր հետ կապված ինչ-որ մեկը բողոքե՞լ է, ավելի լավ գին է եղել, բայց նախապատվությունը տրվել է մի կազմակերպության, որտեղ իր եղբայրն է աշխատում: «Ես անկեղծ չեմ հասկանում այդ համեմատականներն անցկացնելը»,- զարմացավ Ալեն Սիմոնյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031