Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից անցել է 11 ամիս, բայց առ այսօր հանձնաժողովում ներկայացված չէ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգը. Տիգրան Աբրահամյանը՝ Ղազինյանի՝ բանակում չծառայելու մասին

Հոկտեմբեր 12,2021 16:18

«ՀՀ պաշտպանության նախարարի 2 տեղակալներից մեկը նախկինում ոստիկան է, մյուսը ներկայացնում է ֆինանսական բլոկը, բանակում չեն ծառայել։ Անձնական առումով որեւէ անձի հետ կապված խնդիր չունեմ: Պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի դիրքում գտնվող անձը բանակում չի ծառայել։ Հիմա այս հարցերը դրել են չորրորդ թղթապանակի մեջ ու ասում են՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել, ու դա դարձնել առաջնային խնդիր, որեւէ ձեւով ընդունելի չէ»,-այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում արդեն որերորդ անգամ չընտրվելու հարցին:

Նրա խոսքով, եթե Արթուր Ղազինյանն ունենար խնդիր, որն օրինական առումով հարցադրում էր առաջացնում, իհարկե քննարկման առարկա կդառնար ոչ միայն այդ հարթության մեջ։

«Անընդունելի է իշխանության՝ օրենսդրական նախաձեռնության այն մտադրությունը, որը հայտարարվեց հանձնաժողովի նախորդ նիստում, թե նպատակ կա՝ օրենսդրական կարգավորումների ձեւով սահմանափակում մտցնել հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի առաջադրման մասով։ Սրանով, ըստ էության, իշխանությունը օրենսդրական տեսք է փորձում տալ իր ցանկություններին ու քմահաճույքներին»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, պատերազմից անցել է 11 ամիս, բայց առ այսօր հանձնաժողովում ներկայացված չէ Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը, արմատական փոփոխությունների չեն ենթարկվել դրա տարբեր բաղադրիչները, այդ թվում՝ մարտական հերթափոխության իրականացումը: Ըստ նրա, մինչեւ Հայաստանի հանրապետությունում անվտանգային համակարգը չվերականգնվի, չարդիականացվի, պատշաճ մակարդակի չբերվի, արտաքին քաղաքական բոլոր գործընթացներում Հայաստանը հանդես է գալու զիջողի դիրքերից:

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանի ձեւավորումից հետո ընդդիմությունն առաջադրել է ԱԺ փոխնախագահ, 3 հանձնաժողովի նախագահներ, 12 հանձնաժողովում ընդդիմությունը փոխնախագահի թեկնածու է ունեցել, որոնք առանց որեւէ խնդրի առաջադրվել են ու ընտրվել։ Սակայն պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի համար պատճառաբանում են՝ բանակում չի ծառայել. «Այս պարագայում, եթե իշխանության նպատակն է՝ ինտրիգներ ստեղծել, շոուի հնարավորություն ստեղծել, ապա մենք նպատակ չունենք մտնել այդ խաղի մեջ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031