Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի փոքր որդին՝ Արման Գրիգորյանն առաջարկել է ՈՒԱԶ մակնիշի մեքենա իր անունով ձեւակերպել

Հոկտեմբեր 12,2021 16:05

2005-2019 թվակաները «Արա-Այծեմնիկ» ԲԲԸ-ում ինժեներ-մեխանիկ աշխատած Գեւորգ Մեսրոպյանը (լուսանկարում) այսօր դատարանում պատմեց, որ հիմնարկի տնօրեն Արման Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի փոքր որդին, իրեն առաջարկել է ՈՒԱԶ մակնիշի մեքենա իր անունով ձեւակերպել, համաձայնել է՝ որեւէ վատ բան չտեսնելով առաջարկում եւ չքննարկելով այն:

Նազիկ Ամիրյանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է: Նազիկ Ամիրյանին 3 հոդվածներով է մեղադրանք առաջադրվել։ Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանի գործը անջատվել էր Մանվել Գրիգորյանի գործից: ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Հետո փաստաթուղթ են կազմել, որ մեքենան հանձնվում է ԵԿՄ-ին՝ օգտագործման: Վկան ասաց՝ չի հիշում այդ ամենը տեղի է ունեցել 2016-ի պատերազմից առա՞ջ, թե՞ հետո, բայց երբ առաջարկը եղել է, ինքը հասկացել է, որ մեքենան ԵԿՄ-ին է ծառայելու, ոչ թե Գրիգորյանների ընտանիքին: Միայն հիշում է, որ «բոլորովին նոր մեքենա էր»: Ի՞նչ կարգով են ձեւակերպումներն արվել՝ նույնպես տեղյակ չէ, միայն ստորագրել է փաստաթղթերը՝ հաշվառման ժամանակ եւ չի կարդացել, թե ինչի՞ տակ է ստորագրում: «Հետո ստուգումներ եղան, պարզեցին, որ մեքենան օֆիսում է՝ ավտոտնակում, ինձ կանչեցին քննչական՝ պատմեցի՝ ի՞նչ է, ո՞նց է»,- պատմեց վկան՝ նկատի ունենալով ԱԱԾ-ի կողմից ստուգումները եւ հավելելեց, որ հստակ չգիտի, թե ԲԲԸ-ի բակում գտնվող մյուս ավտոտնակներում ի՞նչ ապրանքներ կային: Ասաց նաեւ, որ այլ ավտոմեքենաներ էլ կային, բայց չգիտի, թե ի՞նչ մեքենաներ:

Պաշտպանական կողմը փորձեց հասկանալ՝ վկան նկատե՞լ է, որ տվյալ ավտոտնակը ԲԲԸ-ի կողմից չի օգտագործվում, որ ԲԲԸ-ի հետ կապ չունեցող մարդիկ, ԵԿՄ-ականներ են գնում-գալիս, առնչվում այդ ավտոտնակի գույքի հետ: Գեւորգ Մեսրոպյանը չբացառեց, որ այդպես հնարավոր էր, բայց հստակ չգիտի, քանի որ ժամանակին չի հետաքրքրվել դրանով:

Նա «Արա-Այծեմնիկ» ԲԲԸ-ի տարածքում երբեմն-երբեմն տեսել է նաեւ Մանվել Գրիգորյանին, թե ի՞նչ նպատակով էր գալիս՝ չի հետաքրքրվել:

«Ոնց որ թե՝ կար, երեւի կար: Իմացել եմ, բայց չեմ տեսել, որ մեքենաներ են ուղարկում ռազմաճակատ. այդ տարածքից, թե՞ ուրի՞շ, չգիտեմ, բայց լսել եմ, որ մեքենաներ էին տրամադրվում»,- այսպիսի պատասխան տվեց վկան պաշտպանական կողմի հարցին՝ պատերազմի ժամանակ, Արցախ գնալիս, տեսե՞լ է, որ մեքենա տրամադրվի:

Վկան նաեւ տեղեկություն ունի, որ ապրիլյան պատերազմի օրերին Մանվել Գրիգորյանն իր ընկերների հետ՝ «դեռ մի բան էլ ավելի», Արցախում են եղել, մասնակցել մարտական գործողություններին. «Ես գիտեմ, որ իր տղաներից էլ են եղել, բայց չգիտեմ, թե ով»: Պաշտպանի հարցին՝ հնարավո՞ր է, Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ ղեկավար կազմը այդ օրերին եղել են Արցախում, այդ պատճառով է անհրաժեշտություն առաջացել վեճի առարկա մեքենան ինչ-որ մեկի՝ տվյալ դեպքում իր, անունով ձեւակերպելու, որպեսզի հնարավոր լինի այն շահագործել, վկան պատասխանեց՝ «Շատ հնարավոր է»:

Մեղադրողը հստակեցրեց, որ մեքենան վկայի անվամբ ձեւակերպվել է 2016-ի մայիս ամսին եւ հարցրեց՝ երբ ասում է այդ մեքենաները պատերազմի համար են օգտագործվել, նկատի ունի քառօրյա՞ պատերազմը: Վկան ասաց, որ նկատի ունի՝ առհասարակ պատերազմի համար, քանի որ խոսակցություններից է լսել, որ մեքենա, սնունդ եւ այլ բաներ են ուղարկվել պատերազմի համար: Թե ո՞վ է ուղարկել՝ չգիտի:

Պաշտպանը հստակեցրեց, որ ԵԿՄ-ն՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, դիրքերում հերթապահություն է իրականացրել եւ Երեւան են վերադարձել մայիսի 26-ից հետո՝ անտեղի որակելով մեղադրողի հարցադրումը: Վկան հաստատեց՝ լսել է նման բան:

Դատակոչված այլ վկաներ այսօր չէին ներկայացել: Նիստը հետաձգվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031