Լրահոս
Օրվա լրահոսը

Պարարտանյութի հիմքում՝ եփած սուրճի մնացորդների վերաօգտագործման տեխնոլոգիան. ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ստարտափ նախագիծը՝ «Social Impact Award»-ի հաղթող

Հոկտեմբեր 12,2021 16:09

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմը մասնակցել է «Social Impact Award» ծրագրին, որն աջակցում է երիտասարդ նորարարներին սոցիալական ձեռնարկություններ կառուցելու հարցում: Թիմը ներկայացրել է «MiCoFe» ստարտափ նախագիծը և հաղթող ճանաչվել:
«MiCoFe»-ն էկոլոգիապես մաքուր, կենսաքայքայվող օրգանական պարարտանյութ է, որի ստեղծման հիմքում ընկած է եփած սուրճի մնացորդների վերաօգտագործման տեխնոլոգիան։

ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը ներկայացրել են կ.գ.թ. Սաթենիկ Միրզոյանը (թիմի ավագ), ասպիրանտ Լիանա Վանյանը, մագիստրոս Հայարփի Աղեկյանը և բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Լուսինե Դավթյանը: Թիմի խորհրդատուն է եղել կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյանը:

Թիմի անդամ Լիանա Վանյանը, խոսելով ծրագրի մասին, պատմեց, որ առաջին փուլում բոլոր թիմերը մասնակցել են մասնագիտական աշխատաժողովների, առանձին հանդիպումներ ու խորհրդատվություններ ունեցել մենթորների հետ։

Ծրագրի ընթացքում պատրաստվել է մեկ րոպե տևողությամբ տեսահոլովակ, որը կայքէջում դրվել է հանրային քվեարկության: Հաղթող թիմի ընտրության հարցում հաշվի են առնվել նաև հանրային քվեարկության արդյունքները։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմի ավագ Սաթենիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ծրագրի հիմքում ընկած են թիմի գիտական տարբեր ուսումնասիրությունները, որոնք շարունակական բնույթ են կրելու գաղափարի կատարելագործման համար»:

Առաջարկված նախագիծը հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել և դարձել առաջին մրցանակային տեղի հաղթողը՝ ստանալով 1500 եվրո դրամաշնորհ:

Կենսաբանության ֆակուլտետի թիմի անդամները վստահ են՝ մրցանակը կնպաստի, որպեսզի իրենք հետագայում ընդլայնեն հետազոտությունները, քայլեր ձեռնարկեն տեխնոլոգիան առավել լայնամասշտաբ փորձարկելու և ավելի արդյունավետ դարձնելու համար:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031