ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, ապա՝ անդրադարձել Իրանի հետ նախարարության ունեցած ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Նախարարը կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարաբերությունները և նշել, որ այժմ անհրաժեշտություն կա հստակեցնելու անելիքները և ներդրում ունենալ, որպեսզի գործարար շրջանակները երկուստեք կարողանան առավել ակտիվ համագործակցել։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների և ծրագրերի իրականացման համար սահմանված ժամկետների հստակեցումը: Համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով՝ Աբբաս Բադախշան Զոհուրի նաև առաջարկել է մասնակցություն ունենալ անցկացվող ոլորտային ցուցահանդեսներին, փոխադարձ աշխատանքային այցելություններ կազմակերպել ոլորտի մասնագետների, պատվիրակությունների, միջբուհական և գիտական կառույցների միջև։
Կարդացեք նաև
Անդրադարձ է եղել հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսվող DigiWeek-2021 միջոցառմանը, որի շրջանակներում տեղի կունենա նաև Digitec ցուցահանդեսը։
Նշվել է, որ իրանական կողմին արդեն իսկ մասնակցության հրավեր է հղվել և իրանական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառմանը ողջունելի կլինի։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն