Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն չենք խոսում անաչառության մասին, արդեն խոսում ենք անադեկվատության մասին». Արմեն Գեւորգյանը ԱԺ նախագահի հետ է խոսելու, սպառնում է դիմել ԵԽԽՎ-ին

Հոկտեմբեր 12,2021 15:37

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործի քննությունն էր:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Գեւորգյանն ասաց. «Ինձ մոտ տպավորություն է, որ դատավորը երկու տարի առաջ տրամադրվածությամբ մտել է գործի մեջ ու մինչեւ հիմա առաջնորդվում է այդ տրամադրվածությամբ ու նախասիրություններով: Վերջիվերջո, դատարանում գտնվում է նաեւ ԱԺ պատգամավորը: Ես այսօր ասացի, որ պետբյուջեի միջոցների խնդիր էր առաջացել: Երկու խնդիր կար: Իմ չկայացած գործուղման հետ կապված իմ բանկային հաշվին փոխանցված միջոցները ես պետք է վերադարձնեմ ԱԺ գանձապետական հաշվին, ընդամենը դիմեցինք դատարանին, որ թույլ տա այդ միջոցները վերադարձնել պետությանը: Նույն միջնորդության շրջանակում խնդրեցինք, որ ես որպես պատգամավոր կարողանամ իմ գործունեությունը ծավալել, ունենամ բացված բանկային հաշիվ, որ վաղը գնամ գործուղման՝ նույն խնդիրը չառաջանա: Այս պրոցեսը շարունակվում է անադեկվատության պայմաններում: Երկրորդ միջնորդությունն այն է, որ ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցեմ դեկտեմբերի 1-ին ու ստացվում է՝ դատարանն է իմ փոխարեն որոշում, թե ինչպես մասնակցեմ այդ նիստին: Ինձ առաջարկվեց տեսակապով: Խոսքը գնում է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու մասին ու ես, որպես պատգամավոր, որպես պատվիրակության անդամ, գտնում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը կարեւոր է եւ անհրաժեշտություն է, դատարանը գտնում է, որ չէ, պետք է գնաք տեսակապով մասնակցեք»:

Արմեն Գեւորգյանն ասաց, որ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար կարգադրություն էր ստորագրել՝գործուղման մասին ու գտել էր, որ պատվիրակության 7 անդամներն էլ պետք է գնան ու մասնակցեն. «Պարոն Վլադիմիր Վարդանյանը հարցադրում էր անում, թե բա ո՞ւր էիք, գայիք մասնակցեիք, հարցադրումներ անեիք: Բա ուզում ենք՝ գնանք մասնակցենք, մեր ազգային շահերը առաջ տանենք»:

Թե ինչ պետք է անեն առաջիկայում, երբ իր պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա է կիրառվել՝ Արմեն Գեւորգյանն ասաց, որ դեռ չեն որոշել. «Այս ամենը արդեն ոչ քաղաքական, ոչ իրավական, ավելի շատ բարոյահոգեբանական տիրույթում է ընկալվում»:

Արմեն Գեւորգյանն ասաց, որ որպես պատգամավոր իր ազատությունները սահմանափակված են ու կաշկանդված է դատարանի անիրավաչափ գործողություններով: Արմեն Գեւորգյանը մտադիր է այս հարցը քննարկել ԱԺ նախագահի, պատվիրակության անդամների, մյուս պատգամավորների հետ ու եթե հարկ լինի՝ ԵԽԽՎ-ին տեղեկացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում իր անձի հետ կապված: Ըստ նրա, այսպիսի պրակտիկա ԵԽԽՎ-ում չի եղել. «Անգամ եթե նմանատիպ խնդիր կա, դատարանները պետք է այնպիսի մեխանիզմ ընդունեն, որը չխոչընդոտի պատվիրակության անդամի աշխատանքներին: Ես ստիպված եմ տեղեկացնել համապատասխան մարմիններին, որովհետեւ սա արդեն անտրամաբանական իրավիճակ է: Եթե ոմանց թվում է, որ մենք պետք է գանք նստենք դահլիճում ու լսենք միայն այն, ինչ ցանկանում է դատարանը կամ մեղադրական կողմը՝ այդպես չի կարող լինել»:

Նա ասաց, որ օրենքով ու սահմանադրությամբ իրեն վերապահված բոլոր գործիքներից ու հնարավորություններից օգտվելու է ու պայքարելու է իր ազատության համար. «Պատրաստ չէինք դատարանի նմանատիպ պահվածքին: Հիմա մենք արդեն չենք խոսում անաչառության մասին, արդեն խոսում ենք անադեկվատության մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031