Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործի քննությունը շարունակվում է: Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հեռացավ դատարանի նիստերի դահլիճից՝ որպես բողոքի նշան:
Նա պահանջում էր իրեն տրամադրել գործի ողջ նյութերը: Դատավորն ասել էր, որ datalex.am-ում կա, 80 հատոր էլ տրամադրել են:
Մեղադրող դատախազն ասաց. «Դատարանի պարտականությունն է հասու դարձնել գործի նյութերը կողմերին, դատարանի պարտականությունը չէ պատճենահանել գործի նյութերը եւ վազել փաստաբանի հետեւից: Սա իրավունքի չարաշահման կլասիկ դրսեւորում է: Նա ժամանակ խնդրեց նախորդ նիստին, մենք արձագանքեցինք, որ ո՞րն է ողջամիտ ժամկետը, դրան պատասխան չհնչեց: Պարզ էր, որ նիստը տապալվելու էր: Փաստաբանը չարամտորեն չի կատարում իր պարտականությունները»: Դատախազը դատարանին միջնորդեց սանկցիա կիրառել փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ:
Կարդացեք նաև
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատախազը խեղաթյուրում է Լուսինե Սահակյանի խոսքերը. «Դատարանի պարտականությունն է պատճենահանել, վազելը պարտականությունը չի, մանիպուլյացիոն ձեւ է: Պաշտպանն իրավունք ունի ստանալ գործի նյութերի պատճենը: Պաշտպանն արդեն 3-րդ դատական նիստն է, ասում է՝ ինձ տվեք գործի նյութերի պատճենը: Նա ասում է՝ տվեք բոլորը, իմ փոխարեն մի որոշեք՝ որն է կարեւոր, որը՝ չէ: Քրեական գործն այսօր ունի 128 հատոր, որոնցից ամեն մեկը հաստափոր գրքից ավելի մեծ ինֆորմացիա է պարունակում: 128 գիրք կարդալու համար 2 շաբաթը ողջամի՞տ ժամկետ է: Բացի այդ, Սահակյանը պահանջել է նիստերի ձայնագրությունները: Չեք տրամադրել, այդքանից հետո ասում եք՝ անօրինական գործողություններ են: Եթե նա իրեն թույլ տար այստեղ նստել՝ գործի նյութերին ծանոթ չլինելով՝ դա կլիներ հանցագործություն՝ մասնագիտության նկատմամբ: Իրեն դրել եք ընտրության առաջ, որ ինքը կա՛մ ձեր նկատմամբ այսպես վարվի, կա՛մ իր պաշտպանյալի նկատմամբ: Ինչո՞ւ եք այդ ընտրության առաջ իրեն կանգնեցնում:
Դատարանը որոշեց Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա, որի մասին տեղեկացնել Փաստաբանական պալատին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 19-ին, ժամը 13-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ