«Պատվաստման հետ կապված քննարկումներ ծավալվել են ԵԽԽՎ-ում»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ մասնավորապես պատվաստումների հետ կապված ի՞նչ քննարկումներ են եղել, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Քննարկումները եղել են ոչ այնքան պատվաստման ինստիտուտի հետ կապված, այլ առ այն, թե այդ պատվաստված անձանց երկիր մուտք գործելը և դրա հիման վրա խտրականության իրականացումն ինչքանով է իրավաչափ: Որևէ փաստաթուղթ, որը կնախատեսի պատվաստման հետ կապված առանձնահատուկ կարգավիճակ` չկա: ԵԽ-ն և ԵՄ-ն գնում են կոշտ միջոցների: Պատվաստումների թիվը Ֆրանսիայում հասել է 85 տոկոսի: Ռեժիմը կոշտ է այն առումով, որ չպատվաստված կամ ՊՇՌ թեստ ունեցող անձանց թույլ չի տրվում ժամանցային վայրերում գտնվել: Այն վերաբերմունքը, որն այսօր COVID-19-ի նկատմամբ դրսևորում են ԵՄ անդամ երկրները, այն շատ ավելի վճռական է, քան ՀՀ-ում»:
Վլադիմիր Վարդանյանը շեշտեց՝ պատվաստումը պարտադիր չէ, բայց անհրաժեշտ է, և Եվրոպայում այլընտրանքային ռեժիմ են առաջարկում, որ կամ պիտի պատվաստված լինես կամ ՊՌՇ թեստ ունենաս:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն այս թեմայով հավելեց. «Այսօր COVID-ից մահացել է 43 մարդ: Այս պահի դրությամբ աշխարհում դեռ չի ստեղծվել մի բան, որը պատվաստումից ավելի արդյունավետ լինի: Հանրահայտ փաստ է, որ պատվաստումը մարդկանց հարյուր տոկոսով չի պաշտպանում վարակից, փաստ է, որ պատվաստված լինելն էականորեն նվազեցնում է վարակի և այն ծանր տանելու ռիսկը»:
Կարդացեք նաև
Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ կան հարցեր, որոնք ուղղակի չարժե դարձնել քաղաքական կամ հանրային քննարկման թեմա: Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց՝ ՀՀ-ում չկա պատվաստումից մահացած անձ:
Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց. «Իրավական տեսանկյունից թեստավորումը հավասարազոր այլընտրանք է պատվաստմանը, բժշկական տեսանկյունից պատվաստումն առողջապահական ոլորտին ուղղված միջոցառում է: Թեստով պարզապես իրավիճակն է արձանագրվում: Թեստավորումը որևէ եղանակով չի բարելավում առողջապահական վիճակը, հետևաբար այն չի կարող դիտարկվել որպես բժշկական տեսանկյունից հավասարազոր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ