ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում չցանկացավ մեկնաբանել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանների այն հայտարարությունը, թե իրենց պաշտպանյալը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, սակայն այն չի օգտագործում՝ հաշվի առնելով պետական գաղտնիքն ու ազգային անվտանգությունը, եւ արդյոք ինքը դա շանտաժ չի՞ համարում: «Ես չեմ կարծում, որ օրենքի տառը պահպանելը կարող է շանտաժ դիտարկվել: Կաշխատեմ զերծ մնալ պարոն Տոնոյանի հետ կապված մեկնաբանություններից, որովհետեւ առնվազն երկու պատճառ կարող եմ բերել. մենք իրար հետ աշխատել ենք եւ երկրորդ՝ քրեական գործի մասով իմ կարգավիճակը ինձ թույլ չի տալիս որեւէ հավելյալ մեկնաբանություն անել»:
Հարցին, թե որպես ԱԺ նախագահ կարո՞ղ է ասել, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումն ինչ փուլում է, որովհետեւ ՔՊ նիստից հետո ինքն էր հայտարարել, որ իրենք նման որոշում են կայացրել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարելի է ասել՝ մենք այստեղ մի ծիծաղելի խնդիր ունենք նաեւ: Մենք ունենք պատգամավորներ թե իշխանական, թե ընդդիմադիր խմբակցություններից, որոնք մինչ օրս, օրինակ, գաղտնիության հետ կապված իրենց փաստաթղթերը չեն ներկայացրել եւ չեն ստորագրել: Կարող եմ ասել նաեւ, որ ԱԺ-ն դեռ ձեւավորման փուլում է, բազմաթիվ գործընթացներ կան, որոնք դեռ ավարտին հասցված չեն: Այդ հանձնաժողովը, բնականաբար, լինելու է եւ գործելու է»:
Ճշտող հարցին՝ պաշտպանության հանձնաժողովի՞ հիմքի վրա, Ալեն Սիմոնյանը չկարողացավ միանշանակ պատասխան տալ. «Չեմ կարող ասել»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ