Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ բացատրություն են պահանջելու, որ գումարը վերադարձնեմ, ես իրենց ի՞նչ պիտի ասեմ…Սա արդեն կոչվում է քաղաքական գերի». Արմեն Գեւորգյան

Հոկտեմբեր 12,2021 14:37

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործի քննության ժամանակ վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց Արմեն Գեւորգյանի հաշվի վրայի կալանքը հանել:

ԵԽԽՎ պատվիրակության կազմում որպես հիմնական անդամ ընդգրկված Արմեն Գեւորգյանին դատավորը արգելել էր մեկնել գործուղման՝ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու: Պետբյուջեի հաշվին ԱԺ-ն այդ գործուղման համար Արմեն Գեւորգյանի հաշվին է փոխանցել 404 հազար դրամ՝ որպես օրապահիկ, ինչպես նաեւ արդեն իսկ գնել էր Ստրասբուրգի ավիատոմսը: Հիմա ԱԺ-ի նկատմամբ առաջացել է պարտք՝ նրա բանկային բոլոր հաշիվների վրա կիրառված կալանքի պատճառով: Նա չի կարողանում պարտքը վերադարձնել:

Դատարանում Արմեն Գեւորգյանն ասաց. «Ես ստացել եմ օրապահիկ, չեմ մեկնել, պետական հիմնարկ է, որը պետական միջոցներ է փոխանցել հաշվի վրա: Եթե մի կողմ թողնենք բոլոր իրավական խնդիրները, սա տեխնիկական հարց է: Վաղը մյուս օրը պետական հիմնարկը աուդիտ է անցնելու, ի՞նչ են ասելու, որ Աննա Դանիբեկյանը թույլ չտվե՞ց: Արդեն իսկ դատարանի որոշման արդյունքում պետությանը 507 հազարի վնաս է հասցվել (ավիատոմսի արժեքը): Այդ մարդիկ բացատրություն են պահանջելու, որ գումարը վերադարձնեմ, ես իրենց ի՞նչ պիտի ասեմ: Ասեմ դատարանը այդպե՞ս նպատակահարմար գտավ: Անկեղծ զավեշտի է վերածվում արդեն, ես այստեղ տեսնում եմ լիազորությունների չարաշահում, որովհետեւ ամեն ինչից զատ՝ պետությանը վնաս է հասցվում»:

Մեղադրող դատախազն ասաց, որ դատարանին պաշտպանի ներկայացրած արձանագրությունից չի երեւում, որ հատկապես Արմեն Գեւորգյանը պետք է մասնակցեր այդ նիստին:

Լուսինե Սահակյանը պատասխանեց, որ Արմեն Գեւորգյանն է պատվիրակության անդամ ու նա կարող էր ՀՀ շահերից բխող հարցեր բարձրացնել այդ նիստին: Դիմելով դատարանին՝ նա ասաց. «Ձեր որոշմամբ դուք Արմեն Գեւորգյանին չեք վնաս տալիս, ՀՀ-ին եք վնաս տալիս»:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, դիրքորոշում ներկայացնելով՝ ասաց, որ Արմեն Գեւորգյանը ոչ թե ընդդիմության, այլ ՀՀ խորհրդարանի կողմից ընտրվել է մշտական հանձնաժողովի նախագահ ու երբ դատարանը թույլ չի տալիս մեկնել գործուղման՝ հիմնավորմամբ, որ նա կարող է դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ, առնվազն հասկանալի չէ: Օրբելյանը հընթացս հորդորեց Քոչարյանի խափանման միջոցը վերացնել: Դատավորը նկատեց, որ հիմա լրիվ այլ միջնորդություն են քննում:

Արմեն Գեւորգյանն արձանագրեց. «Սա արդեն կոչվում է քաղաքական գերի: Դատարանը Արմեն Գեւորգյանին գերի է պահում՝ չթույլատրելով իր պաշտոնական լիազորությունները կատարել»: Ըստ նրա, դատարանը անձնական հատուկ վերաբերմունք ունի իր նկատմամբ ու դա չի թաքցնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031