ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր շատ կարճ տեւեց: Հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց օրակարգային՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշումը մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու մասին:
«Ասեմ, որ թեկնածուն նույնն է՝ պարոն Արթուր Ղազինյանը: Սա պարոն Ղազինյանի յոթերորդ ներկայացումն է: Ըստ կանոնակարգ օրենքի, պարոն Օհանյանը պետք է գար եւ ներկայացներ իր կողմից ներկայացված թեկնածուին: Պարոն Օհանյանը բացակայում է: Չգիտեմ, գուցե, դա կապված է, կարծեմ, երեկ հայտարարեցին, նոր քրեական գործի հետ: Ես տեղեկություն չունեմ: Եթե որեւէ մեկդ ինֆորմացիա ունեք «Հայաստան» խմբակցությունից, խնդրեմ, ասեք: Ամեն դեպքում ընդդիմության մեր գործընկերները բացակայում են: Նշանակում է՝ իրենք իրենց թեկնածուին այսօր թաքցնում են հանձնաժողովից: Քննարկումներում կարող է մենք գայինք ինչ-որ եզրահանգումների, որից իրենք բացակայում են: Հիմա ես չգիտեմ: Կանոնակարգ օրենքը մեզ ասում է, որ մենք պետք է քայլերով գնանք: Ներկայացնողը չկա եւ մենք հարցեր տալու հնարավորություն չունենք: Թեկնածուն չկա եւ թեկնածուի ելույթի եւ հարցեր տալու հնարավորությունը այսօր էլ չկա: Բայց եթե մենք այս թեմայով ասելիք ունենք, ելույթներ ունենք, կարող ենք ելույթ ունենալ եւ նիստը ավարտենք»,-հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:
Ելույթների կարիք չեղավ: Եվ Արթուր Ղազինյանին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին հարցը դրվեց քվեարկության: Հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորների բացակայության պայմաններում Արթուր Ղազինյանը յոթերորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Հանձնաժողովի արդեն հերթական նիստը կայանալու է հոկտեմբերի 19-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ