Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախցիները բողոքի ցույց են անում․ «Պուտինը եռակողմ պայմանագրի տերն է, ու այս ժողովրդին թողել է անտեր»

Հոկտեմբեր 12,2021 14:19

Այսօր Արցախից տեղահանված քաղաքացիները բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ։ ՀՀ կառավարությունը դադարեցրել է ամսական 68 եւ 30 դրամ աջակցությունը տրամադրել, ինչը վրդովեցրել է արցախցիներին։ Ցույցի մասնակիցները հադրութցիներն են, որոնք բնակավայրն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Լեւոն Հայրիյան

«Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լեւոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարությունից իրենց վստահեցրել են, որ ծրագրում են ընտանիքի յուրաքանչյուր անդամին ամսական 25 հազար դրամ տրամադրել, սակայն արցախցիներն ասում են՝ այդ գումարով հնարավոր չէ ապրել, միայն տան վարձը ամսական 100-ից է սկսում։

Արցախում բնակարանաշինություն է ընթանում, նախատեսվում է բնակավայրերը կորցրած արցախցիներին վերաբնակեցնել Արցախի այլ բնակավայրերում, սակայն պարոն Հայրիյանն ու ցույցի մասնակիցներն ասում են՝ եթե այսօր ադրբեջանցի դիպուկահարը կրակում է խաղաղ բնակչի վրա ու սպանում, եթե այնտեղ անվտանգությունն ապահովված չէ, ինչպե՞ս վերադառնան։

«Եթե ուզում են բնակչություն տանեն Արցախ, թող այնտեղ ստեղծեն գրավչություն, ինչպես 1992 թվականին, չնայած էլի պայմաններ չկային, բայց մի բան ստեղծեցին։ Հիմա մեզ թող բացատրեն՝ ո՞ւր են տանում, ինչո՞ւ են տանում։ Կառավարությանը հարցրել եմ՝ մեզ ինչ-որ մի կոպեկ հասնո՞ւմ է։ Ասել են՝ հասնում է։ Ասում եմ՝ բա եթե դա մերն է, ինչո՞ւ եք դուք տնօրինում գումարը, թե ձեր տունն այստեղ կառուցում ենք։ Եթե տարածքում գրավչություն չեն ստեղծում, մարդկանց զոռով չեն կարա տանեն։ «Այսօր ինչ կատարվում է, նման է երեսուն տարի առաջ կատարվածին, շահումյանցիներին տեր չկանգնեցին, նրանք էլ գնացին Ռուսաստան։ Ասում եմ՝ այնպես չանեք, որ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը դառնա «Հանուն Հադրութի» տեռորիստական կազմակերպություն»,-ասաց Լեւոն Հայրիյանը։

«Նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունից հետո Արցախում էլի զոհեր են լինում, սա պետք է հաշվի առնենք, Հիմա ասում են՝ տարբեր աջակցություններ ենք տալիս, ուզում են էդ ձեւով մարդկանց շահագրգռեն, տանեն անտեղ մի հատ կենդանի պատնեշ սարքեն։ Մեկը ես չեմ գնում այնտեղ ապրեմ, ով ուզում է՝ թող գնա, թող Արայիկ Հարությունյանը գնա իր ընտանիքում Մխթարաշենում ապրի»,-ասաց արցախցիներից մեկը։

Ցույցի մասնակիցները կառավարության շենքի մոտից գնացին ՄԱԿ-ի գրասենյակ, սակայն այնտեղ, ինչպես որ կառավարության մոտ, նրանց որեւէ պաշտոնյա չմոտեցավ։

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նրանք հայտարարեցին, որ մեկ ամիս առաջ նամակով դիմել էին ՄԱԿ-ին եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, որպեսզի իրենց խնդրին որեւէ լուծում տրվի, սակայն պատասխան մինչ օրս չեն ստացել։

«Մենք կարգավիճակի հարց ենք բարձրացնում, պարտավորվել են, որ գոնե բնակվարձերը տան, երեք ամիս է՝ չեն տալիս, հիմա պահանջում ենք` կամ մեզ փախստականի կարգավիճակ տվեք, կամ գումար հատկացրեք, որ կառավարությունը հոգա մեր հարցերը»,-հայտարարեցին արցախցիները։

Նրանք նաեւ հայտարարեցին, որ մտադիր են ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույց իրականացնել։

ՄԱԿ-ի գրասենյակի մոտից նրանք շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Դեսպանատանից արցախցիներին հայտնեցին, որ դեսպանն այստեղ չէ, բայց հույս տվեցին, որ կհանդիպի ցույցի մասնակիցների հետ։

Ֆրանսիայի դեսպանատան մոտից էլ արցախցիները շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն։ «Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանից պետք է պահանջի, որ Ադրբեջանի զորքերն առնվազն 3-5 կմ հայկական բնակավայրերից հեռացնեն, հիմնական պահանջն ու խնդրանքը սա է այսօր այստեղ գալու մեր նպատակը»,-ասացին ցույցի մասնակիցները։

Միգել Սամսոնյան

Ցույցի մասնակիցներից մեկն էլ՝ Միգել Սամսոնյանն ասաց․ «Հավաքվել ենք ՌԴ դեսպանատան առաջ, որպեսզի Պուտինի համար լսելի լինի, քանի որ ինքը եռակողմ պայմանագրի տեր է, այս ժողովրդին թողել է անտեր, որոնք այսօր գտնվում են ՀՀ-ում, Արցախի հանրապետության կառավարությունն էլ այս ժողովրդին անտերության է մատնել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031