Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործի քննությունն էր շարունակվում: Հիշեցնենք, որ նախորդ նիստում Գեւորգյանի նոր պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանից հավելյալ ժամանակ էր խնդրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանի տրամադրած 1 շաբաթ ժամանակը լրացել էր:
Նիստի մեկնարկին Լուսինե Սահակյանը հորդորեց քրեական գործն ամբողջությամբ տրամադրել: Նա նաեւ նոր միջնորդություն ներկայացրեց:
Ինչպես հայտնի է, Արմեն Գեւորգյանն ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմում՝ որպես հիմնական անդամ: Սակայն նախորդ նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը Արմեն Գեւորգյանի բացարձակ անձեռնմխելիությունը ճանաչելու միջնորդությունը մերժեց եւ թույլ չտվեց, որ նա կարողանա մեկնել Ստրասբուրգ:
Բանն այն է, որ պետբյուջեի հաշվին ԱԺ-ն այդ գործուղման համար Արմեն Գեւորգյանի հաշվին է փոխանցել 404 հազար դրամ՝ որպես օրապահիկ, ինչպես նաեւ արդեն իսկ գնել էր Ստրասբուրգի ավիատոմսը: Հիմա, քանի որ Արմեն Գեւորգյանի հաշիվների վրա դատարանը կալանք է դրել, նա չի կարող գումարը վերադարձնել: ՀՀ ԱԺ-ի նկատմամբ առաջացել է պարտք՝ նրա բանկային բոլոր հաշիվների վրա կիրառված կալանքի պատճառով:
Կարդացեք նաև
Նիստին Լուսինե Սահակյանը հորդորեց արգելանքը հանել առնվազն մեկ հաշվից: Նա չի կարող գործուղում գնալ՝ առանց դրա:
Գեւորգյանի պաշտպանը նաեւ միջնորդությունը հիմնավորող տեղեկանքները ներկայացրեց դատարան: ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրության մեջ մասնավորապես նշված էր, որ սեպտեմբերի 25-ին Ստրասբուրգ չկատարած այցի պատճառով ԱԺ-ն կրել է վնաս 507 հազար դրամ՝ ավիատոմսի արժեքը, հյուրանոցի ծախսերը հնարավոր է եղել չեղարկել: Բացի այդ, 404 հազար դրամ օրապահիկ է փոխանցվել, որը ենթակա է վերադարձման, գումարը պետք է վերադարձվի ՀՀ ԱԺ գանձապետական հաշվին:
Դատավորը պատասխանեց, որ սույն միջնորդությունը ներկայացվել է ոչ ժամանակին: Միջնորդությունը որոշեց թողնել առանց քննության՝ մատնանշելով, որ այլ միջնորդություն էլ կա ու նախ պետք է պարզել Արմեն Գեւորգյանի գույքի արժեքը:
Լուսինե Սահակյանն արձագանքեց. «Ինձ դժվար է դատարանի որոշումները հասկանալ: Գործուղման ծախսեր են փոխանցվել Արմեն Գեւորգյանին եւ հիմա ԱԺ-ն այդ գումարները հետ է ուզում: Դատարանը մերժում է, որ պարզվի Արմեն Գեւորգյանի գույքի արժեքը: Ի՞նչ կապ ունի այդ գումարները Արմեն Գեւորգյանի գույքի գնահատման հետ, որ մեր մտքի թռիչքը կարողանա հերիքել նոր միջնորդություն կատարել»:
Դանիբեկյանը պատասխանեց, որ դատարանն իր որոշումները բացատրելու, պարզաբանելու կարիք չի տեսնում:
Լուսինե Սահակյանը առարկեց դատավորի գործողություների դեմ, նրա առարկությունն արձանագրվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ