Լրահոս
Օրվա լրահոսը

Դա կարող է դիտարկվել որպես Մոսկվային հասցված Բաքվի ապտակ. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 12,2021 10:54

Հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ Արամ Տեփնանցին ադրբեջանցիները սպանել են ռուս խաղաղապահների ուղեկալի մոտ:

Միջադեպը հերթական շարքային սպանությունը չէ, այն լուրջ հետեւանքներ կարող է ունենալ, եւ եթե ադրբեջանական կողմը կատարվածի վերաբերյալ քննություն չանցկացնի ու մեղավորին չպատժի, ապա դա, ոչ ավել՝ ոչ պակաս, կարող է դիտարկվել որպես Մոսկվային հասցված Բաքվի ապտակ: Դեպքը կործանարար հարված կլինի Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության համար: ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի ուղեկալի հարեւանությամբ Արամ Տեփնանցին սպանելը եւ մեղավորներին չբացահայտելը հավասարազոր են Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին ռուսական ուղղաթիռի խոցման պատասխանատվությունը չստանձնելուն: Այսօր պաշտոնական Բաքուն առաջին հերթին Ռուսաստանին բացատրելիք ունի: Տարածաշրջանում ձեւավորված ստատուս քվոյի պայմաններում Արցախի Հանրապետությունն էլ այս դեպքում իր քաղաքացու սպանության վերաբերյալ պատասխանները պետք է ստանա ՌԴ խաղաղապահներից:

Նախկինում ադրբեջանցիների նման քայլերին հայկական կողմը պատասխանում էր սահմանի տարբեր հատվածներում ոչ համարժեք պատժիչ գործողություններով: Այսօր դեռ չենք պատասխանել, քանի որ հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ կանգնած են ռուս խաղաղապահները: Հայկական կողմն առայժմ սպասում է Ադրբեջանի քայլերին եւ ՌԴ արձագանքին: Միջադեպի մեղավորների հանդեպ համարժեք պատժամիջոցներ չկիրառելն առնվազն կհրահրի նշանառուների պատերազմի վերսկսում: Այն դեպքում, երբ ադրբեջանական դիրքերն այդքան մոտ են հայկական բնակավայրերին, նման փոխհրաձգության սկսումը շատ արագ մեծ ծավալներ կստանա՝ հարցականի տակ դնելով առաջին հերթին խաղաղապահ առաքելությունն ընդհանրապես: Հետեւաբար՝ Ադրբեջանի այդ գործողության հեռահար նապատակը բացառապես ռուսական խաղաղապահ առաքելության արժեզրկումը կլինի:

Անկախ այն բանից, թե ինչ ընթացք կստանա մարտակերտցու գնդակահարության միջադեպը, այն միանշանակ տասնամյակներ շարունակ այդ երկրում մանկական տարիքից հայատյացության դաստիարակության օրինաչափ հետեւանք է, որը նույն ոգով շարունակվում է նաեւ պատերազմից հետո:

Իրականությանը մոտ վարկած է, որ Արցախի քաղաքացու սպանության հեռահար նպատակը ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետությունը հարցականի տակ դնելը եւ Արցախ-Ադրբեջան շփման գոտում նաեւ թուրքական ուժերի ներգրավումն է: Այս դեպքում հայկական կողմը երբեք չի համաձայնի պատերազմի ժամանակ փաստացի կողմ հանդիսացող Թուրքիային տեսնել իր սահմանների մոտ, եւ տրամաբանական էլ չէ ու անհնար վերջինիս կողմից անաչառ խաղաղապահ գործողության իրականացումը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031