Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. Ունենք իշխանություն, որը ձեռքերը լվացել է Արցախից եւ ապազգային նպատակներ է հետապնդում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 12,2021 10:46

«Հայաստան» դաշինքի ակտիվը՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի առաջնորդությամբ, վերջին օրերին մարզային այցելություններ է սկսել եղել են Վանաձորում, Աշտարակում: Դահլիճային հանդիպումներ են ունեցել իրենց ակտիվի հետ։ Իշխան Սաղաթելյանն էլ մի հարցազրույցում ասել է, որ ազգային դիմադրության շարժում է պետք ձեւավորել: Զրուցել ենք «Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ։

 – Ձեր մարզային այցելություններն ի՞նչ համատեքստում պետք է դիտարկել՝ փողոցային պայքար սկսելո՞ւ` իշխանափոխության հարցը մնում է ձեր օրակարգում, թե՞ պարզապես հանդիպումներ եք ունենում, որպեսզի հաշվետու լինեք ձեր ընտրողին, համակիրներին:

 – Նախ՝ քանի որ մեր գնահատականները չեն փոխվել իշխող քաղաքական ուժի եւ նրա առաջնորդի նկատմամբ, գնահատականներին համահունչ՝ չի փոխվել նաեւ մեր քաղաքական օրակարգը՝ օր առաջ այս իշխանություններից ազատվելը։ Իշխանություններ, որոնք Հայաստանի պետականության կորուստներ են բերում, չեն կարողանում սպասարկել մեր ազգային պետական շահը, հակառակը` շարունակում են իրենց ոչ հայանպաստ քաղաքական կուրսը։ Հետեւաբար, մեր մարզային հանդիպումները պետք է դիտարկել նախ որպես քաղաքական միավորի հանդիպումներ մեր ընտրազանգվածի հետ, հանրության լայն շերտերի հետ, ինչու չէ` մեր ակտիվի հետ։ Դրանք մեկը մյուսին չեն հակասում։ Մեր բոլոր հանդիպումներն անցնում են մի կարգախոսի տակ՝ «Ո՛չ Հայաստանի թուրքացմանը», որովհետեւ այս քաղաքական կուրսը տանում է Հայաստանի թուրքացման եւ Արցախի հայաթափման, որովհետեւ ունենք մի իշխանություն, որը պարզապես ձեռքերը լվացել է Արցախից եւ ապազգային նպատակներ է հետապնդում։

– Ինչպիսի՞ ազդակներ եք ստանում այդ հանդիպումներից, մարդիկ պատրա՞ստ են կրկին փողոց դուրս գալ, հեռացնել այս իշխանություններին, թե՞․․․

– Իսկապես, պետք է ենթադրել, եւ շատ բնական էր, որ մենք ունենայինք համազգային ընդվզման շատ ավելի մեծ ալիք՝ հաշվի առնելով այն աղետը, անտեր իրականությունը, որում այսօր Հայաստանն է՝ մշուշոտ, անհեռանկար, ուր հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վաղուց դուրս է եկել մեր տարածաշրջան, եւ մենք նույնիսկ զգում ենք նոր պատերազմի շունչը, նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմի, Պակիստանի ակտիվությունը, Իրանի բազմաթիվ հայտարարությունները, որոնք քաղաքական բովանդակություն ունեն: Տպավորություն ունենք, որ մեր տարածքային ամբողջականության համար շատ ավելի մտահոգ է Իրանի քաղաքական վերնախավը, քան Հայաստանը։ Այս կոնտեքստում բնական կլիներ, որ հանրային դիմադրության ավելի մեծ ալիք ունենայինք, բայց ունենք այն, ինչ ունենք:

– Իսկ ընդդիմությունն անելիք չունի՞ այս առումով։

– Անելիք, անշուշտ, ունենք, բայց ես շարունակելով նշեմ, որ մենք ազդակներ ենք ստանում այն մասին, թե որքան պետք է հանդուրժենք, երբ պետք է հեռացնենք այս իշխանություններին: Մարդիկ մեզնից կտրուկ միջոցառումներ են ակնկալում եւ պահանջում։

– Եվ ի՞նչն է խանգարում, որ կատարեք մարդկանց պահանջը, փողոց վերադառնաք։

– Գործողությունների ողջ ընթացքը դրան է ուղղված։ Նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության օրը, գուցե՝ հաջորդ օրը, մենք զանգվածային հրապարակային ծրագիր ունենք իրականացնելու, բայց հիմնական խնդիրը՝ մարզերով անցնել, բարձրաձայնել մեր գլխին կախված սպառնալիքների մասին, արթնացնել նրանց, ովքեր շարունակում են ընդարմացած, ցավին, դարդին անհաղորդ մնալ: Հասարակությանն արթնացնել է պետք, որովհետեւ մեր բոլոր քաղաքական ծրագրերը կմնան անկատար, եթե հանրային հենարան չունենանք, ի վերջո, սա է իրականությունը՝ Նիկոլ Փաշինյանն ունի 570 հազար ընտրող՝ 200 հազարով պակաս, քան նախորդ ընտրություններին, մենք էլ ոչ պակաս ընտրազանգված ունենք, բայց հանրային մեծ զանգված մերժեց ընտրությունները, հիմա այդ զանգվածին պետք է փորձենք համոզել, որ իր ակտիվությունը խիստ կարեւոր է։ Մեր ամբողջ վարքագիծն ուղղված է լինելու ժողովրդի արթնացմանը, դիմադրության շարժում ձեւավորելուն, ՀՀ-ի թուրքացումը կանխելուն, Արցախի հայաթափման քաղաքականությունը կասեցնելուն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031