Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ գիտնականները Սևանա լիճը ճահճացումից փրկելու «դեղատոմս» են առաջարկել. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 12,2021 10:32
sevan

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնը, ինչպես նաեւ «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սեւանի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ Այս մասին սեպտեմբերի սկզբին հայտնեց ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը։

Ըստ էության՝ հայ գիտնականներն ազգային հարստություն համարվող Սեւանա լիճը ճահճացումից փրկելու «դեղատոմս» են առաջարկել։ Ինչի՞ մասին է խոսքը, եղե՞լ է արդյոք նախնական փորձարկում լճում, կարո՞ղ ենք խոսել արդյունքների մասին, եւ արդյո՞ք այն անվնաս է բուն Սեւանի եւ շրջակա միջավայրի համար։ Այս եւ այլ հարցերի շուրջ «ՀՀ»-ն պարզաբանումներ ստացավ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանից։

Գիտական կազմակերպությունները լճից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների հեռացման համար աշխատում են ստեղծել էժան եւ անվնաս կլանիչներ, որոնց շարքին են դասվում նաեւ բնական ադսորբենտներն ու բնական  պոլիմերները:

Հայտնի է, որ Հայաստանը հարուստ է բնական ադսորբենտների հանքային պաշարներով՝ ցեոլիտներ, դիատոմիտներ, պեռլիտներ, կավեր եւ այլն: Ծրագրի շրջանակներում որպես ադսորբենտ օգտագործվում են ցեոլիտները, որոնք բնական միներալներ են՝ կազմված  սիլիցիումի, ալյումինի եւ թթվածնի ատոմներից: Ընտրված սորբենտի ազդեցության տակ 10 րոպեի ընթացքում մանրէների քանակը նվազել է 300 անգամ։ ԳԱԱ-ի վերլուծական ծառայության համաձայն՝ փորձեր են արվում սորբենտի ազդեցության արագությունը մեծացնելու ուղղությամբ։ Հենց այս ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Սեւանա լճից կկլանվեն լճի համար վնասակար  միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները:

Ինչպես մանրամասնում է հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, Գիտության պետական կոմիտեի կողմից նպատակային ֆինանսավորում են ստացել Սեւանա լճի ծաղկման երեւույթների դեմ պայքարելու մեխանիզմներ մշակելու համար։ Աշխատանքներն իրականացվել են մի քանի ուղղությամբ։ Նպատակն էր ստանալ մի սարք, որի օգտագործման դեպքում հնարավոր կլիներ Սեւանա լիճը մաքրել կապտականաչ ջրիմուռներից։ «Աշխատանքի բոլոր փուլերն իրականացված են, մենք հասել ենք այն փուլին, երբ արդեն ստեղծված է մոդելային սարքի նախագիծը, եւ սարքը  պատրաստման ընթացքում է։ Ադսորբենտը բավական բարձր մակարդակով ակտիվացված է, կարողանում է կլանել եւ՛ օրգանական նյութերը, եւ՛ ծաղկած ջրիմուռները։ Հիդրոքիմիական հետազոտությունները կանոնավոր արվում են, եւ գենետիկական հետազոտությունները նույնպես շարունակվում են։ Առայժմ աշխատանքները շարունակական փուլում են։ Հույս ունենք, որ մեկ ամսից սարքը մոտավորապես պատրաստ կլինի։ Սակայն, ցավոք, այս տարի փորձարկել չենք կարող, որովհետեւ բարեբախտաբար ծաղկման երեւույթներ չկան այս պահին»,- ասաց Է.  Ղուկասյանը։

Խնդիրներ են եղել նախագիծը ստանալու ընթացքում։ Որովհետեւ, ըստ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենի, շատ մեծ գին էին առաջարկում այն կազմելու համար. «Մենք ստիպված եղանք դիմել մեր Ռուսաստանի գործընկերներին, որպեսզի մեզ աջակցեն։ Հիմա ամեն ինչ կարգին է»։

Գալիք տարում, եթե ծաղկում լինի, հայ գիտնականները կփորձարկեն նորարարությունը։ «Սակայն վստահ չեմ, որ կունենանք մեծ սարք,- նշեց մեր զրուցակիցը,- որովհետեւ ինչքան խորհրդակցել ենք մեր ճարտարագետների եւ ինժեներների հետ, նրանք բացատրել են, որ դա շատ թանկ կլինի եւ դեռ տեխնիկական կատարելագործման կարիք էլ կա։ Իսկ տրամադրվելիք միջոցները բավարար չեն լինի մեծ հզորությամբ սարքի պատրաստման համար։ Համենայնդեպս, մենք կդիմենք Գիտության կոմիտեին՝ համապատասխան հիմնավորումներով»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031