ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ այս իշխանությունները երկիրը ոչ միայն փակուղի են մտցրել, այլև այդ փակուղուց ուղիղ մղում են դեպի անդունդը, կործանում:
«Նման շարունակության դեպքում հայ ժողովուրդը՝ իբր Հայաստանի տեր և բնակիչ, կդադարի այդպիսին լինել: Սա շատ մռայլ կանխագուշակություն չէ: Շատերը, անգամ նրանք, ովքեր այս կառավարությանը «կրծքով էին պաշտպանում», այսօր մտածում են մի մտքի մասին՝ թողնել Հայաստանը և հեռանալ ավելի ապահով վայրեր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:
Քաղաքական ու հասարակական շրջանակները փաստում են՝ պետք չէ փախչել այն փաստից, որ ամեն դեպքում ներկա իշխանություններն ունեն համակիրներ, որոնք խորհրդարանական վերջին ընտրություններին ձայն են տվել նրանց, ուստի ինչ–որ բան փոխելու համար պետք է նաև ծավալուն աշխատանք տանել մարդկանց հետ՝ պարզ լեզվով բացատրելով, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: «Հասարակությունն իր մտածողությամբ շատ բազմաշերտ մի զանգված է: Մարդիկ կան, որոնք հակված են խաբվելու, նրանք այդ կերպ իրենց հանգիստ են զգում: Սրանք մասնագիտացված են նման դյուրահավատ մարդկանց հավատի հետ խաղալու գործում: Մի մասսա կա, որը հոգնել է ամեն ինչից և պատրաստ է, օրինակ՝ անգամ ստրուկի կարգավիճակում լինել, միայն թե խաղաղություն լինի: Հասարակության այն հատվածին, որը սնվել է իր ավանդական ազգային արժեքներով, չես կարող խաբել: Հասարակության այդ հատվածը գնաց և ձայն տվեց իր փրկությանը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներին»,-նշում է մեր զրուցակիցը:
Ասում է՝ այսօր բազմաթիվ հարցեր ունենք, բայց որևէ հարցի սպառիչ պատասխան չի տրվում, պատասխաններ, որոնք գոնե մի քիչ կփարատեն մարդկանց կասկածները:
Կարդացեք նաև
«Հույսները ժողովրդի համբերության վրա է, բայց պատմությունը ցույց է տվել, որ այն հանկարծակի է հատնում, ամենաանսպասելի տեղում, ինչպես Ղարաբաղյան շարժման սկզբներին: Հենց որ համբերության բաժակում վերջին կաթիլը լցվեց, ժողովուրդը կսրբի և բոլորին կլցնի աղբահորերը, երբեմն՝ նաև անմեղներին: Նոր մանիպուլյացիա են սկսել տարածել՝ 2022 թ.-ի հունվարից թոշակները բարձրանում են: Մարդիկ ամեն օր բյուջեն դատարկում են պարգևավճարների տեսքով, իսկ այս մարդիկ ուրախանում են նման թանկացումների պարագայում թոշակների խղճուկ՝ հազար դրամների ավելացմամբ: Իրենք գիտեն այս հոգեբանությունը, այս մասսան կշարունակի պաշտպանել իր կործանման ճարտարապետներին: Բայց երկար չի պաշտպանի: Եթե այս առնետացման գործընթացը շարունակեն, կխժռվեն հենց իրենց յուրայինների կողմից: Ամեն ինչ կուտակվում է չոր վառոդի նման, ու եթե մի օր կայծ ընկավ այդ վառոդի մեջ, ամեն ինչ կպայթի: Եթե ժողովուրդը տարերայնորեն, ուղղակի քաոսային ձևով չլցվի փողոցները, չփակի բոլոր շնչառական օրգանները, ու սրանք մնան, շատ չեմ ասում՝ մինչև 2022 թ.-ի սկզբները կկորցնենք պետականությունը: Դե ֆակտո՝ պետություն չունենք, դե յուրե՝ դեռ շնչառություն կա»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։