Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը այն վիճակում չէ, որ պատերազմ սկսի, և առհասարակ, Իրանն իր պատմության մեջ մեկ-երկու անգամ է եղել, երբ ինքն է պատերազմ սկսել». Արմինե Ադիբեկյան. «168 ժամ»

Հոկտեմբեր 12,2021 09:30

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության լուրը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 9-ին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով մահացու վիրավորում է ստացել խաղաղ բնակիչ. «Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հետաքննում է միջադեպը՝ երկու կողմերի ներգրավմամբ»: Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեցինք՝ սա ռուս խաղաղապահների դեմ ուղղված գործողությո՞ւն է, թե՞ խաղաղության դարաշրջանի ադրբեջանական պատկերացումը:

«Ես չեմ պատկերացնում, որ Ալիևը կարող է այդքան խիզախ գտնվել, որ սկսի Պուտինի նյարդերի հետ խաղալ, որովհետև դա շատ ավելի թանկ կարող է նստել Իլհամ Ալիևի վրա, քան նա պատկերացնում է. կարող է գա մի պահ, որ Էրդողանը չկարողանա Ալիևին պաշտպանել: Դա լոկալ թեմա է, կամ միգուցե կրակողը հարբած է եղել, կամ նման մի բան: Ամեն դեպքում, դա խոսում է այն մասին, որ կամ Ալիևը չի կարողանում վերահսկել իր զորքերը, այսինքն՝ զորքերը անում են՝ ինչ ուզում են, կամ էլ դա կոնկրետ հրահանգ է, որ արցախցիները հանգիստ օր ու ժամ չունենան»,- ի պատասխան՝ ասաց նա:

Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կլինի Հայաստանում և Ադրբեջանում: Իրանի արտգործնախարարը մասնավորապես նշել է, որ Իրանի հարևաններին, ներառյալ՝ հյուսիսային հարևաններին ուշադրության կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. «Հայաստանն ու Ադրբեջանն Իրանի լավ հարևաններն են, հետևաբար՝ մենք չենք կարող աշխատել նրանցից յուրաքանչյուրի դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է»:

Արմինե Ադիբեկյանի գնահատմամբ՝ վերոնշյալը նշանակում է, որ իրանաադրբեջանական պատերազմ չի լինելու. «Մեր հայրենակիցները, որ ակնկալում էին, որ հես է՝ Իրանը Ադրբեջանին կջախջախի, իհարկե, ոչ: Իրանը այն վիճակում չէ, որ պատերազմ սկսի, և առհասարակ, Իրանն իր պատմության մեջ մեկ-երկու անգամ է եղել, երբ ինքն է պատերազմ սկսել: Հետևաբար, որևէ նախադրյալ չկա, որ Իրանը պատերազմ նախաձեռնի՝ հաղթանակ ակնկալելով»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031