Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես չստեղծել նոր աղանդ

Հոկտեմբեր 12,2021 10:00

Վերջերս մի դասախոսություն էի լսում, որի էությունը հետեւյալն էր՝ the opposite of addiction is connection. անկախ նրանից, թե ինչից է  մարդը կախվածության մեջ՝ թմրանյութերից, ծխախոտից, ալկոհոլից, համացանցից, քաղաքական կամ կրոնական տոքսիկ գաղափարներից, դրա դեմ արդյունավետ «դեղամիջոցը» ոչ թե այդ մարդու մեկուսացումն է, որը կարող է մտցնել նրան ավելի «խորը» պատյանի մեջ, այլ հակառակը՝ հնարավորինս լայն շփումը: Կախվածությունը, համաձայն այդ տեսության, արդյունք է միայնության զգացողության, որը մարդիկ փորձում են հաղթահարել՝ կառչելով ինչ-որ վատ սովորությունից կամ վնասակար խմբակից: Եթե ցանկություն կա այդ դժբախտ մարդկանց օգնելու, պետք է ոչ թե լռեցնել կամ մերժել նրանց, պետք է հակառակը՝ փորձել նրանց հետ շփվել:

Արեւմուտքում վերջին տարիներին տարածվել է, այսպես կոչված, «մերժման», «բոյկոտի» մշակույթը, երբ իբր «ազատական» գաղափարներ դավանողները օստրակիզմի են ենթարկում բոլոր նրանց, ովքեր, իրենց կարծիքով, դուրս են գալիս «քաղաքական կոռեկտության» որոշակի սահմաններից: Օրինակ, Black Lives Matter շարժումը պայքարում է ռասիզմի դեմ: Այդ՝ չափազանց մերժելի, կասեի անգամ՝ նողկալի երեւույթի դեմ պայքարը շարժման մի մասին դրդում է նույնքան մերժելի վարքի, այդ թվում՝ խոսքի ազատության սահմանափակման, երբ, օրինակ, որոշակի թեմաների շուրջ փաստորեն արգելվում է քննարկում ծավալել:

Շարժման ակտիվիստները մերժում են ոչ միայն ներկայիս «վատ գաղափարները», այլեւ փորփրում են իրենց երկրների անցյալը, եւ այսօրվա չափանիշներով դատում են իրենց պատմական դեմքերին: Ըստ այդմ, շարժման ակտիվիստները ռասիստական հակումներ են տեսնում Ջորջ Վաշինգթոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Աբրահամ Լինքոլնի, Ուինսթոն Չերչիլի, բելգիացի թագավոր Լեոպոլդ Երկրորդի մոտ եւ պահանջում են տապալել նրանց արձանները, անվանափոխել նրանց դպրոցները: Մեղքի իր բաժինը, նրանց կարծիքով, ունի նաեւ… Քրիստափոր Կոլումբոսը՝ ո՞վ էր նրան խնդրում Ամերիկա հայտնագործել, թող հանգիստ նստեր իր Ջենովայում, եւ հազարավոր հնդկացիներ չէին ոչնչացվի: Անցած տարի խնդիրն այնքան էր սրվել, որ մի շարք հայտնի մտավորականներ, այդ թվում՝ գրող Ջոան Ռոուլինգը, սոցիոլոգ Մալկոլմ Գլադուելը, լեզվաբան ու փիլիսոփա Նոամ Չոմսկին հանդես եկան բաց նամակով, որում, մասնավորապես, նշում էին, որ «վատ գաղափարները հաղթահարելու լավագույն միջոցը փաստարկելն ու համոզելն է, ոչ թե լռեցնելը կամ ձեւ անելը, թե դրանք գոյություն չունեն»:

Ասվածը վերաբերում է ոչ միայն Արեւմուտքում տարածված ռասիստական եւ հակառասիստական աղանդներին: Հայաստանում էլ, ինչպես հայտնի է, կան աղանդներ. ընդ որում, կրոնական եւ քաղաքական աղանդներին վերջերս միացել է «հակապատվաստումային» աղանդը: Ամբողջ խնդիրն այն է, որ խմբակների դեմ ագրեսիվ, մերժողական պայքարը ոչ միայն չի ոչնչացնի դրանց, այլեւ պայքարողներին նույնպես կդարձնի աղանդավոր: Այդպիսով աղանդների թիվը կավելանա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031