Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ պաշտոնյաներ պատասխան կտան Գյումրու «Կոմսոմոլի այգին» «Դոմուս»-ի պահեստի վերածելու համար

Հոկտեմբեր 11,2021 21:55

Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ երիտասարդական այգում (առավել հայտնի է «Կոմսոմոլի այգի» անվամբ) «Դոմուս»-ի պահեստի շինարարությունն արդեն մոտեցավ ավարտին։ Չնայած գյումրեցի մտավորականների բարձրացրած աղմուկին, որ պահեստը չի կարող կառուցվել կանաչ գոտում, քաղաքի կենտրոնական հատվածում, ավելին՝ ուսանողական միջավայրում, այն կառուցվեց, գյումրեցիների կարծիքն էլ անտեսվեց։

Շիրակի մարզի դատախազությունը Aravot.am-ի հրապարկման հետքերով քրեական գործ էր հարուցել ու պարզել էր, որ «Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3.000ք/մ մակերեսով հողամասը, որը համընկնում է Գյումրու «երիտասարդական» այգու տարածքին և որում ներառված են նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, 2018թ. մարտի 19-ին Գյումրու համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքի միջոցով, 3.726.000 ՀՀ դրամ գումարով օտարվել է տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին:

Հիշյալ պայմաններում ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումում Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6-րդ հասցեում գտնվող հողամասի նկատմամբ 2018թ. մայիսի 21-ին գրանցվել է նշված անձի սեփականության իրավունքը: Դրանից հետո` 2019թ. մայիսի 5-ին, սեփականատերը նշված հողամասը 12.000.000 ՀՀ դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր, ՍՊ ընկերության միակ մասնակից անձին, որից հետո ընկերությանը Գյումրիի համայնքապետարանի կողմից տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը»:

Հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացքում է այդ քրեական գործը։

Գուրգեն Գրիգորյանն ասաց․ «Այդ քրեական գործը հարուցվել է Aravot.am-ի հրապարակման հիման վրա, իմ նախաձեռնությամբ նյութեր են նախապատրաստվել այդ հրապարկման առթիվ, հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել է ստուգում, ակտն արդեն պատրաստ է, գտնվում է ուսումնասիրության փուլում։ Ուսումնասիրելուց հետո համապատասխան իրավական գնահատականներ կտրվեն անձանց արարքներին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031