2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի Մշակույթի տանը ոստիկանության 500 ծառայողների հրթիռակոծության տակ ընկնելու դեպքի վերաբերյալ Դանիել Իոաննիսյանը դիմել է իրավապահ մարմիններին։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հոկտեմբերի 5-ին ֆեյսբուքում գրառում էր կատարել եւ որոշ հանգամանքներ, թե ինչպես եւ ինչու են ոստիկանները հրթիռակոծության զոհ դարձել։
Aravot.am-ի հետ զրուցում Իոաննիսյանն ասաց, որ հոկտեմբերի 6-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե․«Ենթադրում եմ, որ հաջորդ օրը քննչական կոմիտեն ստացած կլինի այն»։ Օրենսդրության համաձայն, ըստ Իոաննիսյանի, իրավապահ մարմինը տասնօրյա ժամկետում պետք է կամ քրեական գործ հարուցի կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնի եւ հետեւաբար հայտնի դիմողին։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր այդ գրառմամբ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծության վերաբերյալ, թե ով էր պատասխանատու եւ ինչու էին ոստիկանության 500 ծառայողներին նկուղներից դուրս հանել եւ հավաքել դահլիճում։ Հիշեցնենք, որ այդ օրը քսանից ավելի ոստիկան զոհվեց։
Կարդացեք նաև
«Ոստիկանության Շիրակի, Լոռվա ու Տավուշի մարզային վարչությունների մոտ 500 ծառայողներ հոկտեմբերի 4-ին ուղարկվում են ռազմաճակատ՝ Լոռվա մարզային վարչության պետ, գնդապետ Տիգրան Կարապետյանի հրամանատարությամբ:
Երբ ավտոշարասյունը հասնում է Շուշի, Ստեփանակերտում օդային տագնապ է միանում եւ որոշում է կայացվում առայժմ կանգնել Շուշիում: Տիգրան Կարապետյանի հրամանով 500 ոստիկաններ տեղակայվում են Մշակույթի տանը (դրա նկուղներում): Ոստիկանների մոտ բողոք է սկսվում առ այն, որ իրենց չեն տրամադրել կանաչ կամուֆլյաժ եւ ռազմաճակատ են ուղարկվում կապույտ կամուֆլյաժով: Գնդապետ Կարապետյանը ոչ կարողանում է ոստիկանների համոզել, որ շարունակեն ճանապարհը, ոչ էլ կարողանում է կանաչ համազգեստ գտնել:
Ոստիկանների հետ քննարկման համար Շուշի է ժամանում ՊԲ հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, ողորմածիկ Արթուր Սարգսյանը: Առանց գիտակցելու, որ 500 հոգու մի տեղ հավաքելը արդեն իսկ շատ վտանգավոր է՝ ոստիկաններին հրահանգում են նկուղից բարձրանալ դահլիճ: Դահլիճում հավաքվելու պահին հենց բալիստիկ հրթիռը հարվածում է շենքի տանիքին, որի հետեւանքով 27 ոստիկան մահանում է, շատերը՝ վիրավորվում»,-գրել է Իոաննիսյանը: Նրա ներկայացմամբ․«․․․ Քիչ անց թարմ լվացած ավտոներով ու փայլող կոշիկներով Շուշի է ժամանում ոստիկանության ղեկավար կազմի պատվիրակությունը, որն անգամ չուներ այդ 500 ոստիկանների ցուցակը, գաղափար չուներ հարվածից հետո տարբեր տեղեր ապաստանած ոստիկանների գտնվելու վայրի մասին, տեղյակ չէր, թե քանիսն են զոհվել:
․․․ ոստիկանության ղեկավարությունը Շուշիի բաժնում նստած այստեղ-այնտեղ զանգելով փորձում էր պարզել, թե ովքեր են եղել 500 հոգու մեջ։
․․․ այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես ադրբեջանցիներն իմացան մշակույթի տանը 500 ոստիկանների առկայության մասին: Բայց 500 ոստիկաններին մշակույթի տան դահլիճում հավաքելու հրամանը եղել է հանցավոր հրաման․․․»։
Իոաննիսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դեպքի մասին մանրամասներն իրեն պատմել են այդ դեպքի մասնակիցները, ովքեր փրկվել են, եւ նրանք մեկ-երկուսը չեն, շատ-շատերն են պատմել․«Ոմանց մենք ենք գնացել գտել նկուղներում պատսպարված, ոստիկանությունը նրանց տեղն էլ չգիտեր»։
Թե ինչու դեպքի մեկ տարի անց որոշեց դիմել իրավապահներին, Իոաննիսյանն այսպես բացատրեց՝ պատերազմի օրերին հարմար չէր դիմել, իսկ պատերազմից հետո տարբեր իրադարձություններ ստիպում էին անընդհատ հետաձգել․«Ամսի 4-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որոշեցի անդրադառնալ»։
Ըստ գրառման մեջ տեղ գտած մանրամասների, փաստորեն, ոստիկանության այն ժամանակվա Լոռվա մարզային վարչության պետ, այժմ Արագածոտնի վարչության պետ, գնդապետ Տիգրան Կարապետյանն է ոստիկաններին հրամայել նկուղից բարձրանալ դահլիճ, եւ պատասխանատվությունը նրա վրա է ընկնում։ Սակայն պարոն Իոաննիսյանը վստահեցրեց․«Իմ նպատակն այն չէ, որ Կարապետյանը դատվի։ Հիմնական խնդիրն այն է, որ այդ համակարգային խնդիրը լուծվի։ Վաղը- մյուս օրը, աստված չանի, պատերազմ լինի, ոստիկանության եւ այլ ուժային ծառայողներին տանելու են ռազմաճակատ, եւ էլի տանելու են բարձրաստիճան սպաներ, որոնք նման իրավիճակներին համապատասխան հմտություններ չունեն։ Ուժայինների սպայական կազմին պետք է այդ ամենին նախապես պատրաստեն։ Իհարկե, բանակին էլ չէր խանգարի»։
Նշենք, որ Իոաննիսյանը գրել էր՝ նույնիսկ եթե գնդապետ Տիգրան Կարապետյանը ենթարկվի քրեական պատասխանատվության, պետք է հաշվի առնել, որ խնդիրը համակարգային է, Լոռվա ոստիկանապետին երբեք ոչ ոք չի սովորեցրել, որ կան բալիստիկ հրթիռներ ու թե ինչ պետք է անի կամ չանի, որպեսզի ենթականերին դրանցով սպանվելու վտանգի տակ չդնի:
Ոստիկանությունից այս առնչությամբ հրաժարվեցին որեւէ պարզաբանում տալ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ