Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է թաքնվում Վարդան Ղուկասյանի որդին ու ի՞նչ փուլում են հոր և որդու դեմ հարուցված քրեական գործերը․ մանրամասնում է Շիրակի դատախազը

Հոկտեմբեր 11,2021 18:00

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքի մասին, հարցրեցինք, թե հաշվարկե՞լ են՝ որքան վնաս է հասցվել Գյումրիին։

Հիշեցնենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել «նրա պաշտոնավարման ժամանակահատվածում Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ կեղծելու, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտումներ կատարելու ու երբեմն անձամբ հողամասերի օտարման աճուրդներին մասնակցելու և հաղթող ճանաչվելու մեջ»։

Ըստ մեղադրանքի՝ նա Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքները, Գյումրի քաղաքի Ֆուրմանով, Ռուսթավելի, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասերը, Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող հողամասը, Տիգրան Մեծ 31 հասցեի, Տ. Ճարտարապետ փողոցի մի քանի հողամասեր, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասեր, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասը, «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասի մի հատվածը, Գյումրու Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությունը 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով։

Գուրգեն Գրիգորյան

Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ասաց․ «Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում և որոշակի եզրակացություններ դեռ չենք ստացել, այս պահին կոնկրետ վնասի չափ ասել չեմ կարող»։

Դատախազը նաև տեղեկացրեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել կալանք դնել 24 գույքի վրա։

«Հետագայում եթե անձը մեղավոր ճանաչվի հիշյալ արարքների համար, համայնքը իրավունք կստանա քաղաքացիական հայցով դրանք հետ պահանջելու»,-պարզաբանեց Գուրգեն Գրիգորյանը։

Դատախազի տեղեկացմամբ, նախկին քաղաքապետը հարցաքննվել է, հայտնի է նաև Գյումրու նախկին քաղաքապետին օժանդակած անձանց շրջանակը։

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ևս մեղադրվում է ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին սպառնալիքներ հնչեցնելու համար։

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել էր Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը, նրան ազատ էր արձակել, սակայն դատախազությունը այս որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան։ Վերաքննիչ դատարանն այն բավարարել էր, բեկանել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որից հետո Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել հնարավոր չի եղել։

Դատախազը նշեց, որ նա այս պահին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, միջոցներ են ձեռնարկվում նրա գտնվելու վայրը պարզելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։ Լրագրողներից մեկի հարցին, թե որտե՞ղ է նա թաքնվում, Հայաստանի Հանրապետության սահմաններո՞ւմ է, դատախազն ասաց․ «Իմ տեղեկություններով, Հայաստանում է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031