Aravot.am-ին հայտնի է դարձել, որ ներկայումս ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր քաղաքացի Նվեր Թ.-ի եւ նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ:
Մեր տեղեկություններով, Նվեր Թ.-ն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրել եւ փաստացի ղեկավարում է «Մեգատորգ», «Զաքար պրոդուկտ», «Սակ բրադերս», «Սելխոզ-ֆուդ», «Արմագրո հոլդինգ», «Արագածի թռչնաբուծական ֆաբրիկա», «Յագո», «Սեւասար» եւ «Դելտա-01» ՍՊ ընկերությունները, որ որոնք Նվեր. Թ.-ի կապերի օգտագործմամբ 2019-2021 թթ. ընկած ժամանակահատվածում, շուրջ 4.2 մլրդ ՀՀ դրամ գումարի թվով 61 ձեւական պայմանագրեր են կնքել ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային սահմանապահ վարչության հետ եւ դրանց շրջանակներում առանց ապրանքների լիարժեք մատակարարման ու ծառայությունների պատշաճ մատուցման, նշված վարչությանն ապրանքներ են մատակարարել եւ ծառայություններ մատուցել շուկայականից անհամեմատ բարձր գներով, ինչի հետեւանքով ՀՀ եւ ՌԴ պետական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով նյութական վնաս:
Նույն տվյալների համաձայն, վերոնշյալ ընկերությունների տնօրինությունները հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարները չվճարելու դիտավորությամբ, օրենքով սահմանված հարկային հաշվետվություններում եւ հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերն ու պարտադիր այլ վճարները վճարելուց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ