Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր մշակութային ժառանգությունը հայտնվել է թշնամու ձեռքում եւ ապահովագրված չէ ոչնչացումից». ՃՇՀԱՀ պրոֆեսոր

Հոկտեմբեր 11,2021 17:04

Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր Լյուբա Կիրակոսյանը Aravot.am-ի հետ զրույցում կարեւորեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացված «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովի անցկացումը պատերազմից հետո` Հայաստանի համար բարդ իրավիճակում:

«Ցավոք, մեր մշակութային ժառանգությունն այսօր հայտնվել է թշնամու ձեռքում, իսկ փորձը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ մեր հուշարձանները Ադրբեջանի տարածքում պարբերաբար ոչնչացվում են, վանդալիզմի են ենթարկվում: Նույնը պետական մակարդակով կատարվում է նաեւ Ադրբեջանի «մեծ եղբոր»` Թուրքիայի հովանավորությամբ եւ աջակցությամբ` Թուրքիայի տարածքում, Հայկական լեռնաշխարհի արեւմտյան հատվածում»,-փաստեց պրոֆեսորը:

Նրա խոսքով, Արցախյան առաջին պատերազմից հետո կարճ ժամանակ հնարավոր եղավ հայկական ազատագրված տարածքներում գտնվող հուշարձաններն ուսումնասիրել, գիտականորեն հետազոտել, ակադեմիական գիտության տեսանկյունից դիտարկել, սակայն այժմ կրկին զրկված ենք այդ հնարավորությունից: Այս համատեքստում էլ ավելի են կարեւորվում մասնագիտական հավաքներն ու գիտաժողովները, միջազգային գիտական հանրույթի հետ համագործակցությունը եւ խնդիրը նրանց ներկայացնելը:

Տիկին Կիրակոսյանին հարցրինք` արդյոք չի՞ կարոտում Արցախի Տիգրանակերտը, որի հնագիտական արշավախմբի անդամ էր:

«Երբ այդ հարցին եմ անդրադառնում, ուղղակի պապանձվում եմ… Այդ մասին գիտաժողովում խոսվեց եւ խոսվելու է ոչ միայն Տիգրանակերտի հետ կապված, այլ Շուշիի մեր քրիստոնեական ժառանգության: Թերեւս, Արցախի Տիգրանակերտի հետ կապված մեր միակ մխիթարանքն այն է, որ մեր թշնամիների համար մի քիչ բարդ է լինելու Արցախի Տիգրանակերտի նախաքրիստոնեական հուշարձանների հետ առնչվելը` այն առումով, որ հելլենիստական շրջանի նախաքրիստոնեական ժառանգությունը ալբանական անվանակոչելը, սեփականաշնորհելը դժվար է լինելու: Համաշխարհային նշանակության այդ ամրաշինական ժառանգությունը հեշտ չի լինելու ավերելը, կոծկելը: Մյուս կողմից էլ, այդ հուշարձանները մինչեւ վերջ ապահովագրված չեն»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նա անդրադարձավ նաեւ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում»` «Monument Watch» ծրագրին, որն արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, հատկապես որ գրեթե ամեն օր տեսնում ենք հայկական գերեզմանների եղծում, վանդալիզմի դրսեւորումներ ադրբեջանցիների կողմից: «Այդ ամենը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որը հովանավորվում է առաջին դեմքի կողմից: Մենք ելքեր ենք փնտրում, գործողություններ ենք կատարում, որովհետեւ չենք կարող ձեռքերը ծալած նստել ու տեսնել, թե ինչ է կատարվում մեր ժառանգության հետ»,-շեշտեց Լյուբա Կիրակոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031