Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանանյա՛ն, արի էստեղ երեսդ տեսնեմ, գնացել անկյունում պակխվել ես». դատավորը՝ Գևորգ Լոռեցյանի գործով ամբաստանյալին

Հոկտեմբեր 11,2021 16:50

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյան) ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի և մյուսների գործով՝ հոկտեմբերի 11-ի դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ վկաների հարցաքննություն:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպորտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առեւտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Դատարանի դահլիճում նախ հարցաքննվեց վկա Անուշիկ Մարգարյանը: Նա նշեց, որ Գևորգ Լոռեցյանին ճանաչում է որպես ԿԳՄՍ փոխնախարար: Նա նշեց, որ աշխատել է գնումների բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ: Ինքը եղել է այդ ժամանակ գնումների քարտուղար, որը պատասխանատու է հետևել, որպեսզի գնումների գործընթացն իրականացվի օրենքի շրջանակներում: Նա այս առիթով մանրամասնեց. «Նախքան մրցութային հայտերի բացման օրը որևէ մեկը չի կարող տեսնել՝ ովքեր են հայտեր տվել, ինչ փաստաթղթեր են կցվել»:

Պաշտպանական կողմից հարց հնչեց՝ գնումների գործընթացում նկատե՞լ եք՝ թեկուզ մեկ տոկոսանոց ապօրինություն, Անուշիկ Մարգարյանը պատասխանեց. «Չի կարող նման բան լինել: Երբ մրցույթը բացվում է, հանձնաժողովը հավաքվում է, այդտեղ մասնակիցները չեն լինում, որի հետ մտնես կոնտակտի մեջ: Նայում ենք՝ ով է ցածր գին առաջարկում»:

Հարցին՝ նկատե՞լ է հովանավորչություն Լոռեցյանի կողմից՝ օրինակ՝ Հրաչիկ Քանանյանի հանդեպ, վկան պատասխանեց. «Ոչ Հրաչիկ Քանանյանն է եղել, ոչ էլ մեկ այլ անձ»:

Նախագահող դատավորը, դիմելով ամբաստանյալ, «Լուառ» եւ «Էլիտ Սպորտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին, ասաց՝ հարց ունե՞ք ու կես-կատակ, կես-լուրջ ասաց. «Քանանյա՛ն, Դուք հարց ունե՞ք, արի էստեղ, երեսդ տեսնեմ, գնացել անկյունում պակխվել ես»:

Հաջորդ հարցաքննվող վկան Քնարիկ Քանանյանն էր: Նա ասաց, որ «Լուառ» ընկերության հաշվապահն է: Ի պատասխան նախագահող դատավորի հարցին՝ ճանաչո՞ւմ է Գևորգ Լոռեցյանին, նա պատասխանեց՝ այո, որպես փոխնախարար: Հաջորդ հարցին՝ ճանաչո՞ւմ է Հրաչիկ Քանանյանին, նա պատասխանեց՝ հորեղբայրն է: Դատավորը հետաքրքրվեց՝ իսկ Էդուարդ Հովհաննիսյանին ճանաչո՞ւմ է, նա պատասխանեց. «Ճանաչում եմ, բայց նրա հետ շփում չեմ ունեցել: Ինքն իմ հորեղբորից պարտքով գումար է վերցրել՝ 5000,10000: Ինքը հորեղբորս մոտ դրա համար է եկել»:

Հարցին՝ Գևորգ Լոռեցյանը իր հորեղբորից՝ Հրաչիկ Քանանյանից պահանջե՞լ է գումար, Քնարիկ Քանանյանը պատասխանեց. «Ոչ նման բան չի եղել հաստատ»:

Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը միջնորդություն ներկայացրեց՝ նրա խափանման միջոց կալանքը 5 միլիոն դրամ գրավով փոխարինել: Նշենք, որ այսօր Գևորգ Լոռեցյանի ծննդյան օրն է: Լևոն Սահակյանը հայտարարեց. «Պատկերացնել, որ նման անորոշ մեղադրանքի պայմաններում Գևորգ Լոռեցյանը վաղը կարող է մեղավոր ճանաչվել առանձնապես խոշոր չափերով գումար կաշառք ստանալու համար, երբ կես կոպեկ չի եղել այս անձնավորության գրպանում, անտրամաբանական է: Հինգ միլիոն գրավն առավել քան բնական է, և եթե դատարանը գտնի, որ վեց միլիոն, յոթ միլիոն, հինգ հարյուր միլիոնն է բավարար, ապա գոնե կիրառեք դա խափանման միջոց»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Դատարանը որոշեց մերժել փաստաբանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031