Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ երեւում է, որ մեր տնտեսվարողների հետ չենք աշխատել, չենք ուղղորդել, հետեւից չենք գնացել». Խաչատուր Սուքիասյան

Հոկտեմբեր 11,2021 16:36

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ներկայացրեց, թե Հայաստանի գործարարներն ինչ խնդիրներ էին ունենում ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության առումով ու ինչ քայլեր են ձեռնարկվել:

Նոր որոշում է ընդունվել, ըստ որի, ԵԱՏՄ անդամ երկրները կարող են մասնակցել պետական գնումներին: Նախկինում, օրինակ, միայն ՌԴ-ում արտադրող ընկերությունները կարող էին մասնակցել իրենց պետական գնումներին: Հիմա նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրները կարող են մասնակցել ՀՀ պետական գնումներին: Խոսքը փակ գնումների մասին չէ, որոնց միմիայն մեր ռեզիդենտ կազմակերպությունները կարող են մասնակցել:

RA NA Standing Committee on Regional and Eurasian Integration holds a sitting at the RA National Assembly

ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ պրոբլեմ է տեսնում, որ ռուսական կամ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ընկերությունները կարող են մասնակցել մեր երկրում պետական գնումներին ու ո՞նց անենք, որ տեղական արտադրողները չտուժեն:

Փոխնախարարը պատասխանեց, որ մենք ԱՀԿ-ի պետական գնումների համաձայնագրի անդամ երկիր ենք ու հավասարություն պետք է դնենք. «Չեն տուժելու մեր ընկերությունները, այստեղ շահելու է իրականում ՀՀ քաղաքացին, որը վերջնականորեն լինելու է արտադրանքի սպառողը: Մենք գին-որակ հարաբերակցությամբ ունենալու ենք լավ առաջարկ»:

Վարոս Սիմոնյանը նաեւ նշեց, որ օտարերկրյա պետությունների համար լավ հնարավորություն է գալ Հայաստան ու ներդրումներ անել, արտադրություն սկսել, որովհետեւ ԵԱՏՄ շուկային հասանելիություն կունենան: Ըստ նախարարության կանխատեսումների, հատկապես մեքենաշինության, հաստոցաշինության մասով կարող ենք լավ որակ ունենալ, եթե ոչ դառնալ առաջատար:

2019-2020-ին հայկական ընկերությունները հիմնականում Բելառուսում ու ՌԴ-ում են մրցույթների հաղթող ճանաչվում: Բելառուսում 2019-ին 2 հաղթող ընկերություն ենք ունեցել՝ 230 հազար դոլար ծավալով, ՌԴ-ում մեկ ընկերություն՝ 250 հազար դոլարով: 2020-ին առաջընթաց է եղել. Բելառուսում 16 ընկերություն է մրցույթում հաղթող եղել, բայց ծավալը՝ 300 հազար դոլար:

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց. «Ասում եք՝ 250 հազար են մասնակցել: Ակնհայտ երեւում է, որ մենք մեր տնտեսվարողների հետ չենք աշխատել, վիճակագրություն չենք տվել, իրենց չենք ուղղորդել գնան, հետեւից չենք գնացել, որ օգնենք, որպեսզի երաշխիքներ ստանան: Եթե մեր ընկերությունները մրցունակ են, կարողանում են այլ երկրների հետ մրցել շուկայում, պարզ է, որ նրանք կկարողանան մասնակցել նաեւ պետական գնումների մրցույթին»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն արձանագրեց, որ ՀՀ ընկերությունների մասնակցությունը ՌԴ շուկայում ինչպես մի կաթիլ է՝ ծովում, շատ քիչ ենք մասնակցել. «Կա՞ն ԵԱՏՄ անդամ երկրների ընկերություններ, որոնք ՀՀ-ում են տենդեր շահել»:

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը պատասխանեց, որ հիմնականում ՌԴ ընկերություններն են մասնակցում, 2019-ին ռուսական հաղթած ընկերությունների ծավալը 2 մլրդ դրամ է եղել, ծավալը կրկնակի աճել է 2020-ին, իսկ 2021-ի առաջին կիսամյակում 1 մլրդ 150 մլն-ի են հաղթել: 2021-ին 22 հայտ է ունեցել ՌԴ-ն: Իսկ Ղազախստանը օրինակ, 2019-ին մեկ հայտ է ունեցել, որի ծավալը՝ 38 մլն դրամ:

Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն ասաց, որ տարիներ շարունակ 3 հիմնական խնդիրներ կային՝ բանկային երաշխիքի խնդիր, ապրանքի ծագման տեղի հետ կապված խնդիրներ՝ «լոկալիզացիայի» եւ երրորդը՝ էլեկտրոնային ստորագրության խնդիրն է:

Վարոս Սիմոնյանը պատասխանեց, որ ռուսական համակարգերը թեստավորել են հայկական էլեկտրոնային ստորագրությունները, տեխնիկական խնդիրները լուծված են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031