Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ մանրամասնելով իր պաշտոնավարման 9 ամիսների ընթացքում մարզում կատարված հանցագործությունների պատկերը։
Դատախազն ասաց, որ 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 970 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 1019։ Փաստորեն հանցագործությունները նվազել են 49-ով։
9 ամիսների ընթացքում արձանագրվել է սպանության 3 դեպք, դրանց թիվն աճել է մեկով։ Ըստ դատախազի, չբացահայտված սպանություններ չկան, քրեական գործերն արդեն գտնվում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Կարդացեք նաև
Դատախազի տեղեկացմամբ, դրանցից մեկի նախաքննությունը շարունակվում է, այն ավարտական փուլում է։
Սպանության փորձի մեկ դեպք է արձանագրվել, որը ևս բացահայտված է։
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 13 դեպք է արձանագրվել, որից 10-ը բացահայտված է։ Այս հանցատեսակը ևս նվազել է 4 դեպքով։
Հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության 51 դեպք է արձանագրվել։
Դատախազի տեղեկացմամբ, ավազակության երկու դեպք է արձանագրվել, որոնք, ցավոք, դեռ բացահայտված չեն։
«Էական նվազում ունենք գողությունների դեպքերով, արձանագրվել է 164 գողության դեպք, նվազել է 35 դեպքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար։ Դրանից 31-ը բնակարանային գողություններ են, այստեղ էլ նվազում ունենք 17 դեպքով։ Արձանագրվել է կողոպուտի 6 դեպք, այս հանցատեսակը նվազել է 5-ով», -ասաց դատախազը։
Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ մտահոգիչ էր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, նաև ավտոմեքենաներից կատարված գողությունների չբացահայտված լինելը։ Այդ պատճառով դատախազը միջնորդագրեր է ուղարկել Շիրակի մարզային ոստիկանության վարչության պետին՝ քարտեզագրել ու վեր հանելու այն թիրախային տարածքները, որտեղից հաճախ կատարվել են ավտոմեքենաների գողությունները։ Սա տվել է իր զգալի արդյունքը։
Նա անդրադարձավ նաև կոռուպցիոն դեպքերին, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործին, նրա որդու նկատմամբ հարուցված քրեական գործին։ Դատախազը նաև տեղեկացրեց, որ «Սև բերդ» ամրոցին հարակից հողատարածքների օտարումը իրենց ուշադրության կենտրոնում է։
«Սև բերդ» ամրոցի հարակից հողամասերի օտարման գործընթացի իրավաչափությունն է ստուգվում, թե ինչպես է օտարվել։ Այս պահին ստուգումն իրականացվում է»,-ասաց դատախազը։
Նրա ասուլիսի մյուս հատվածները՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ