Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ընկերությունները կարող են մասնակցել ՌԴ պետական գնումներին. Խաչատուր Սուքիասյանը մտահոգված է. «Մենք ռիսկի, թղթաբանության խնդիր ունենք»

Հոկտեմբեր 11,2021 16:02

Այսօր ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ներկայացրեց, թե Հայաստանի գործարարները ինչ խնդիրներ էին ունենում ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության առումով ու ինչ քայլեր են ձեռնարկվել:

Որոշում կար, որ միայն ՌԴ-ում արտադրող ընկերությունները կարող են մասնակցել ՌԴ պետական գնումներին: Հայաստանը եւ անդամ մյուս երկրները զրկված էին այդ հնարավորությունից: Սակայն նոր որոշում է ընդունվել, ըստ որի մեր բոլոր տնտեսվարողները իրավունք են ստացել մասնակցել ՌԴ պետական գնումներին: ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն էլ կարող են նմանապես մասնակցել ՀՀ պետական գնումներին: Խոսքը փակ գնումների մասին չէ, որոնց կարող են մասնակցել միմիայն մեր ռեզիդենտ կազմակերպությունները:

Լիազոր մարմինը մեր երկրում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, որը վարում է ազգային ռեեստրը: Փոխնախարարն ասաց, որ սա շատ լավ հնարավորություն է՝ ներդրումներ ներգրավելու: Օրինակ, իրանական ընկերությունները կարող են Հայաստանում արտադրել ու մասնակցել գնումներին, որովհետեւ այս պահին Հայաստանը նավաշինության, կահույքագործության առումով լուրջ ռեսուրսներ չունի, որ միայնակ մասնակցի:

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասաց. «90-ականներից ՀՀ-ում սննդի արդյունաբերությունն է բավական զարգացած եղել: Փաստորեն, չենք պայքարել, որ կարողանանք սննդի մասով իրավունք ունենանք մասնակցելու, եթե իրենց բանակը կամ մնացածը «փակ, գաղտնիի» տակ չի մտնում: Եթե կան պատվերներ, մեր ինժեներները կարող են արտադրել եւ մրցունակ լինել: Ուղղակի մենք էլ պետք է այնպիսի գործիք մտածենք, որ այն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք կարող են, բայց տեղյակ չեն, որ կարող են վաճառել ԵԱՏՄ երկրներին, տեղյակ լինեն»:

Նա հորդորեց բաց ու թափանցիկ ներկայացնել, որ բիզնես հարթակն իմանա:

Սուքիասյանը նաեւ հարցրեց, թե որտե՞ղ կարող են մեր ձեռնարկատերերը վերապատրաստվել, որ ՌԴ-ի գնումների կանոններին կարողանան տիրապետել՝ փոխնախարարը պատասխանեց, որ տեղեկատվությունը կայքում են դրել եւ ունեն ֆոկուս խմբեր, որոնք պարբերաբար գնումների մասին իմանում են: Դա իրենց թույլ կտա հետագա բիզնես պլանները կարգավորել: Նախարարությունը տրամադրում է ողջ խորհրդատվությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն: Եթե բացթողում է լինում, հետ է գալիս ու 5 օր ժամանակ են տալիս, որ լրացնեն բաց թողնված փաստաթուղթը:

Սուքիասյանն ասաց, որ IT ոլորտն է զարգացած Հայաստանում. «Ո՞նց պետք է այս հանրությանը բերենք կենտրոնացնենք, որ մասնակցեն, օգնեն մեր եվրասիական եղբայրներին»:

Վարոս Սիմոնյանը պատասխանեց. «Գնումները բաց են, իրենք կարող են մասնակցել, բայց տեխնիկական խնդիրը դրվում է այնպես, որ ամբողջ ԵԱՏՄ-ում պետք է լինեն նույնը՝ բուսասանիտարական, մաքսակետերի անցակետերը եւ բոլոր ոլորտները»:

Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Մենք մասնակցելու խնդիր ունենք, ռիսկի խնդիր ունենք, թղթաբանության խնդիր ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031