Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացված «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովին, որը վարում էր ՃՇՀԱՀ դասախոս, միջազգային համագործակցության վարչության միջբուհական և միջազգային համագործակցության բաժնի վարիչ Արեւ Սամուելյանը, արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանը (Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ, INALCO, Փարիզ) եւ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը հանդես եկան «Մշակութային ժառանգության պահպանությունը քաղաքականությունից դուրս: Անկախ ակադեմիական հարթակ ստեղծելու մեր փորձը. monumentwatch.org» զեկուցումով: Նրանք նախաձեռնել ու իրականացնում են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» («Monument Watch») ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ակադեմիական անկախ հարթակ, որն արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնելու և մեկնաբանելու է դրանք մասնագիտական գիտելիքի ու ակադեմիական բարեկրթության համատեքստում:
Լրագրողների հետ զրույցում պարոն Պետրոսյանը ցավով փաստեց, որ չկա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող որեւէ հայկական հուշարձան, եկեղեցի, որտեղ ադրբեջանցիները զենքով չմտնեն, ազան չերգեն, արհամարհական բաներ չանեն ու բեմին չնստեն:
Ինչ վերաբերում է իրենց բարձրաձայնումներին, Համլետ Պետրոսյանը հավելեց, որ առայժմ դժվարանում է արդյունքների մասին խոսել, բայց նաեւ փաստում է. «Ինչքան էլ ադրբեջանցիները ջանում են, գիտական ասպարեզում օտարերկրյա մասնագետները չեն հրաժարվում Տիգրանակերտ եզրույթից, չեն հրաժարվում հայկական վանական համալիրները իրենց ճիշտ անուններով կոչելուց: ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւս մի քանի անգամ թերեւս նման փորձեր արել է, որ եթե գալու, տեսնելու լինեն, այդ ամենը հաշվի կառնեն, բայց դժվար է մեծ հեռանկարներ սպասել, քանի դեռ լծակներ չունենք: Իսկ մենք անում ենք այն, ինչ կարող ենք»:
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչը կրկին շեշտեց, որ ունեն մշտադիտարկում Արցախի Հանրապետության տարածքներում գտնվող հուշարձանների վերաբերյալ, ունեն մասնագետներ, որոնք սահմանային հատվածների հուշարձաններով են զբաղվում, նաեւ այն հուշարձաններով, որոնք մեր կողմից ինչ-ինչ պատճառներով անուշադրության են մատնված եղել:
Կարդացեք նաև
Aravot.am-ի խնդրանքով Համլետ Պետրոսյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացված «Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» թեմայով քննարկման էլ անդրադարձավ, որի ժամանակ ադրբեջանցիները պահանջեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց ) եկեղեցու անվանումը բանաձեւում դարձնել Ղազանչեցոց/Ղազանչի:
«Ես կարծում եմ, որ դա այսպես կոչված գլոբալ աղվանականացման քաղաքականություն է: Դադիվանքն, օրինակ, իրենք կոչում են Խուդեվանք, դա հայերեն Խութավանքի աղավաղված ձեւն է, եթե ուզենան Ամարասն էլ ուրիշ ձեւով կկոչեն: Դա մի քաղաքականություն է, որտեղ շեշտված է` որեւէ հուշարձան հայկական անունով չկոչել…»,-ասաց գիտնականը:
Նրա խոսքով. «Մշակութային ժառանգության մասին խոսելիս չպիտի ասել, որ ինքնությունը մեկինն է: Օրինակ, 19-րդ դարում թուրքերը Ամարաս էին գնում, մատաղ էին անում, որ երեխա ունենան… Շատ հաճախ մշակութային ժառանգությունը հենց մշակութային հանրույթինն է: Շուշիում ապրել են հայեր եւ թաթարներ, եւ եթե թաթարները այդ եկեղեցին կոչել են Ղազանչի, նորմալ պայմաններում ես այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց եթե Ղազանչի են դարձնում հենց հայկական ինքնությունը վիրավորելու, տրավմա պատճառելու, ժառանգությունը խլելու համար, դա լրիվ այլ բան է: Այդ մասին մեր բոլոր հոդվածները, ահազանգերն առկա են: Եվրոպական, միջազգային բոլոր կոնվենցիաների համապատասխան կետերը կան, որոնք ցույց են տալիս, որ ոչ թե մենք ենք ասել, որ Ադրբեջանը մեղավոր է, այլ Ադրբեջանը մեղավոր է այդ բոլոր կետերի համաձայն»:
Համլետ Պետրոսյանը փաստում է. «8-րդ դարից սկսած Աղվանից կոչվող եկեղեցին իր դավանական, ծիսական եւ լեզվական առումով նույնական է եղել Հայ առաքելական եկեղեցուն: Աղվանից կաթողիկոսը հայերեն էր խոսել, որպես կանոն հաճախ հայ էր, հայերեն էր գրում, եկեղեցում կարդում էին նույն ժամագրքերով, ինչ Հայ առաքելական եկեղեցում: Ամեն դեպքում ինչպե՞ս կարելի է խոսել ինչ-որ աղվանականի մասին: Ինչո՞ւ Արցախում կան խաչքարեր, երբ Արցախը Աղվանից եկեղեցու կազմում է եղել մինչեւ 1836թ: Այսինքն` դա եղել է մի եկեղեցի` 2 նվիրապետություն, բայց ցավոք մեր հայագետները այդ ամենը այնպես չեն ներկայացրել: Մի խոսքով, այսօրվա ադրբեջանցիները որեւէ առնչություն չունեն այս ամենի հետ: Կա ուդիական մի փոքր ժողովուրդ, որը նրանց պատանդն եւ գործիքն է: 19-րդ դարում կար Հայ առաքելական եկեղեցու Շամախու թեմ, ուդիներն այդ թեմի մեջ էին: Ի դեպ, ուդիների բոլոր գերեզմանաքարերի վրա գրված է` ազգաւ հայ, ցեղյաւ ուդի: Այսինքն` ազգությունը նշանակում է դավանանքը, ցեղը` էթնիկական ծագումը»:
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչը շեշտում է. «Մենք ընտրել ենք միջազգային գիտական հարթակ ստեղծելու եւ այդ ամենը ներկայացնելու ճանապարհը: Աշխարհում չկա Արցախի ժառանգությունը ներկայացնող ավելի ընդարձակ հարթակ, քան monumentwatch.org-ը: Եվ այդ հարթակի հիմնական նպատակն է 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության` Ադրբեջանին անցած տարածքների և արցախա-ադրբեջանական սահմանային գոտու անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումը (վիճակը մինչև պատերազմը), ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ