«Ռեֆորմիստներ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իշխող ուժի գործողություններում որոշակի տրամաբանություն է տեսնում:
«Ժողովուրդը պետք է որոշի՝ ընտրում է այս ճանապարհը, որով մենք գնում ենք, թե ինչ-որ մի պահի փորձելու է կանգնեցնել փորձությունների, սպառնալիքների, մարտահրավերների այս դարաշրջանի ցավոտ ճանապարհը: Եթե երկրորդ ճանապարհը չընտրի, մենք մեզ մեր ձեռքով, ինչպես հայոց պատմության շատ էջերում գրված է եղել, որպես պետություն եւ ազգ կանգնեցնելու ենք լուրջ խնդիրների առաջ: Որովհետեւ ազգային արժեքները վերջին տարիներին կոտրելու եւ դրանց դեմ քարոզարշավ անելու փորձերը էթնոսի դեմ քաղաքականություն է: Մեկ օրինակ բերեմ. ինչպե՞ս ստացվեց, որ Անկախության 30-ամյակը նշվեց «գունագեղ տոնակատարությամբ», իսկ Երեւանի 2803-ամյակը՝ չնշվեց: Պարզից էլ պարզ է, որ աշխարհի շատ ու շատ հայտնի ուժերի ընդհանրապես չի ուրախացնում այն փաստը, որ Երեւանը այդքան հին պատմություն ունի, առավել եւս, դա անընդհատ շեշտելն ու տոնելը: Կարծում եմ, որ Անկախության 30-ամյակը գունագեղ միջոցառումով տոնող պետությունը Երեւանի օրն էլ կարող էր տոնել»:
Հարցին, թե ակնարկում է, որ նաեւ Հայաստանի ներկայիս իշխանությանն է՞լ չի ուրախացնում Երեւանի հնագույն հայկական քաղաք լինելու իրողությունը, բանախոսը պատասխանեց. «Այո: Դա իմ կարծիքն է: Նրանք չուզեցին նշել: Եթե Անկախության օրն էլ չնշվեր, ես ինձ հարց չէի տա: Մի գունագեղ տոնակատարություն էլ թող Երեւանի համար անեին եւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի երկնքում թռչող սարքերով պատկերեին Մենուային եւ Արգիշտիին: Փող չկա՞ր, թե՞ ցանկություն չկար: Իրենց քայլերի մեջ հետաքրքիր որոշակի տրամաբանություն կա, որը մեր պատմական եւ ազգային արժեքներից չի բխում: Դա այսօր ակնհայտ է դառնում»:
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 9-ին Էրեբունի-Երեւանի օրվա կապակցությամբ հայտնել էր. «Այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ