Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Եթե չկա կոնկրետ օրակարգ, ճանապարհային քարտեզ եւ կոնկրետ առաջնորդ, մարդիկ դուրս չեն գա փողոց»

Հոկտեմբեր 11,2021 14:12

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն այսօր խոսելով ՀՀ ներքաղաքական մարտահրավերների եւ գործող իշխանությունների դեմ պայքարի արդյունավետ ուղիների մասին՝ ասաց. «Ես հիմա չեմ ուզենա խոսել այն թեմաներից, որոնց շուրջ ամեն օր խոսում են: Մենք էլ արդեն երեք տարի խոսում ենք ամեն օր, ամեն ինչից, բայց, ցավոք, մեզ ոչ 2018-ին լսեցին, ոչ 2019-ին, ոչ 2020-ին: Առավել եւս, երբ 2020-ի սեպտեմբերի սկզբին դուրս էինք եկել փողոց: Այն ժամանակ մեզ չլսեց նույնիսկ ընդդիմությունը: Այսօր էլ չեն լսում: Չգիտեմ, էլ ինչ պետք է ասենք, որ մարդիկ սթափվեն: Եթե անգամ ամեն ինչ դնենք մի կողմ, նույնիսկ դավաճանության մասին տարբեր մեղադրանքները, գլխավոր փաստարկը, որից պետք է սկսվի ամեն ինչ, այսինքն, փոփոխությունները, այն է, որ քո երկիրը պարտության բերած եւ պարտության փաստաթուղթը ստորագրած իշխանությունը չի կարող շարունակել պաշտոնավարել եւ չի կարող բանակցել հաղթողի հետ: Որեւէ դեպքում այդպիսի բան չի կարող թույլ տրվել:

Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը հիմա: Պիտի ընդունի սխալները, որ իրենք թույլ տվեցին: Պետք է միավորվել, առաջարկել կոնկրետ օրակարգ եւ ունենալ կոնկրետ առաջնորդ, որը իր թիմով պատասխանատու կներկայանա ժողովրդին ու կասի, թե ինչ է անելու: Եթե չկա կոնկրետ օրակարգ, չկա ճանապարհային քարտեզ, չկա կոնկրետ մեկ առաջնորդ, մարդիկ չեն գնա փողոցում հավաքվելու»:

Aravot.am-ը հետաքրքրվեց. իսկ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, որպես ընդդիմություն ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ օրակարգ ունի՞, ինչին Վահան Բաբայանը պատասխանեց. «Լավ հարց եք տալիս: Ասեմ, որ այս պահին մենք ներսում օրակարգի ձեւավորման հետ կապված քննարկումների մեջ ենք, որովհետեւ տեսնում ենք, որ կա անելիք եւ այդ անելիքը որքան ուշացվի, այնքան վատ է: Բայց այդ անելիքները պետք է լինեն ռեալ, հստակ, ճիշտ եւ ճիշտ ժամանակին: Այսօր ոչ մի բան ինքնանպատակ չէ, նույնիսկ հանրահավաքներ կամ ակցիաներ անելը: Եթե դա չի ծառայելու նպատակին, որ երկրում իրականում տեղի ունենան փոփոխություններ, գտնում եմ, որ դրանք եւ ժամանակավրեպ եւ անիմաստ գործողություններ կլինեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031