Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեւանի վրա մեծ փողերի ճնշում կա». ռուս ճարտարապետ

Հոկտեմբեր 11,2021 13:49

«Երեւանում ամբողջովին քանդվել եւ քանդվում են հին շենքերը, քաղաքը կորցնում է իր ինքնությունը, ինչը շատ վատ է: Ցավոք, ձեր մայրաքաղաքում հին շինությունները փոխարինվում են բարձրահարկ էլիտար համալիրներով, ինչպիսին կարելի է տեսնել, օրինակ, Հյուսիսային պողոտայում եւ դրա շրջակայքում: Նախորդ անգամ ես ապրել եմ այդ տարածքում եւ 17-րդ հարկից նայել եմ քաղաքին: Ճիշտն ասած, իմ տպավորությամբ՝ շատ անմխիթար տեսարան էր:

Իհարկե, դուք Երեւանում եք ապրում եւ այդ ամենը չեք նկատում, բայց ես ուզում եմ իբրեւ կողքից դիտող հավաստիացնել, որ Երեւանում շատ մեծ խնդիրներ կան քաղաքային ժառանգության եւ դիմագծի պահպանության առումով: Երեւանն այն չէ, ինչպիսին էր անցյալ դարի 50-60-ականներին: Չեն պահպանվել այդ շրջանի ինքնատիպ շենք-շինությունները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացված «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակից մոսկվացի ճարտարապետ, Միջազգային ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր Անդրեյ Իվանովը:

«Երեւանը բարդ պատմությամբ քաղաք է` 2000-ից ավելի տարիքով, խորքով, տարբեր շերտեր ունի, սակայն, հին շերտերը աստիճանաբար մաքրվել են: Ի տարբերություն Երեւանի, Գյումրիում ասես վերածննդի գործընթաց սկսված լինի, երեւ պատճառն այն է, որ Երեւանի նման մեծ փողերի ճնշում «վերեւից» չկա: Ընդհակառակը , փոքր ներդրումներով, մասնավորի շնորհիվ հին շինությունները վերանորոգել են, պահպանվում են եւ թանգարաններ, ռեստորաններ են դարձել: Փառք Աստծո, այնտեղ Երեւանից եկող քանդելու միտումը չկա: Ու չնայած երկրաշարժին, տխուր իրադարձություններին, Գյումրին կարողացել է իր դեմքը պահել»,-ասաց ռուս ճարտարապետը:

Հավելենք, որ առաջին անգամ է Հայաստանում ՀՀ ԿԳՄՍՆ միջնորդությամբ, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ և ԱՊՀ պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ նման մասշտաբի գիտաժողով անցկացվում, որը Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի 100-ամյակի շրջանակներում է: Գիտաժողովը եռօրյա է, կտեւի մինչեւ հոկտեմբերի 13-ը։

Ռուսաստանի, Ղազախստանի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Վրաստանի և Հայաստանի ոլորտի առաջատար մասնագետները, գիտնականները հանդես կգան ոլորտում իրականացվող քաղաքականության և պրակտիկ գործունեության, ինչպես նաև Արցախի պատմամշակույթային ժառանգության վերաբերյալ զեկույցներով։

Կներկայացնեն հետևյալ թեմաները. «Պատմական քաղաքների արդի քաղաքաշինական փոխակերպումները», «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պահպանություն», «Պատմամշակութային ժառանգության պահպանություն», «Նորարական ու հուշարձանը» եւ «Ճարտարապետական ժառանգության կրթությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031