Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ-ից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից պահանջել միջազգային ուժերի ներկայություն Արցախում, կասեցնել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված ցանկացած բանակցություն»

Հոկտեմբեր 11,2021 12:19

Արցախը բնաջնջման վտանգի առջև է

Ադրբեջանն 1991 թ. հոկտեմբերի 18-ի պետական անկախության մասին իր Սահմանադրական ակտում իրեն հայտարարեց 1918-1920 թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, դրանով չեզոքացնելով և հրաժարվելով 1921 թ. Խորհրդային Ռուսաստանի նրան տրամադրած բոլոր տարածքներից։ Այդ թվում՝ 1921 թ. հուլիսի 5-ին կայացած ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի որոշումով նրան ենթարկված Արցախից, որը կորուստներից մեկն է եղել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի համատեքստում։  1989 թ. սեպտեմբերի 17-ի և 1990 թ. փետրվարի 13-ի որոշումներով Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը դատապարտեց Կովկասյան բյուրոյի վճիռը, այն որակելով անօրինական և ոչ իրավասու մարմի փաստաթուղթ։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, Կովբյուրոյի որոշման հետ միասին, հայության դեմ ուղղված բոլշևիկ-քեմալական ոճրագործ քաղաքականության արդյունքն են։ Ու թեև Ադրբեջանի 1991 թ. Հռչակագիրը մերժում է խորհրդային ամբողջ ժամանակաշրջանն ու պահանջում բոլոր սահմանները ձևավորել հարևան պետությունների հետ երկկողմանի նոր պայմանագրերով, այդ երկիրը՝ ռազմական ներխուժման ու ցեղասպան, ազգային զտումների գործողությունների միջոցով, այսօր էլ իր վերահսկողության ներքո է պահում Արցախի և այլ տարածքները:

Ընտրելով Արցախի Հանրապետությանը որպես թիրախ, Ադրբեջանը ցեղասպան Թուրքիայի հետ միասին, ներգրավելով հազարավոր օտարերկրյա  ահաբեկիչների, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից իրականացրեց ռազմական ներխուժում, որի արդյունքում ռազմակալեց Արցախի Հանրապետության շուրջ 72 տոկոս տարածքը, որտեղից փախստական դարձան 100 հազար բնակիչներ: Այնուհետև, Թուրքիան սողոսկեց ռազմակալված Ակն և այնտեղից իրականացնում է Արցախի փրկված շուրջ 3170 քառ. կմ բեկորի վրա մաքառող հայերի կյանքի «մշտադիտարկում»:

Ցեղասպան Թուրքիան և Ադրբեջանը խափանել են Մինսկի Խմբի բանակցային գործընթացի տրամաբանությունը, կոպտորեն խախտելով ուժի չկիրառման նրա պահանջը։ Դրա արդյունքում նրանք խաթարել են 1994 թվականի հրադադարով սահմանված փաստացի իրավիճակն և արհամարհում են 2020 թ նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը: Արդյունքում, վերջինի պահանջները պարտադիր են միայն մեկ՝ հայկական կողմի կատարման համար։

Արցախի Հանրապետության բնակիչները այսօր գտնվում են թուրք-ադրբեջանական եղեռնագործների ուղիղ նշանառության տակ, իսկ 2020 թվականի հարձակումը մինչ օրս չի ստացել քաղաքակիրթ գնահատական, օգտվելով անպատժելիության մթնոլորտից: Թուրքիան փաստացի ապացուցեց, որ 21-րդ դարի սկզբին էլ կարող է առանց վարանելու կիրառել ցեղասպանության ինչպես բռնի, այնպես էլ հասարակական-տնտեսական եղանակները, մնալով անպատիժ: Ադրբեջանի հետ միասին նրանք ապացուցում են, որ եվրոպական քաղաքակրթությունն ու գերտերությունները, ի դեմս Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների, չեն դիմակայում անտրոպոցիդի այն շարունակականությանը, որ 150 տարիներ նրանք  իրականացնում են Մերձավոր Արևելքի բնիկների դեմ: Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինքը այսօր կրկին անպատիժ է մնում։ Ավելին, 2020 թվականի հարձակումից հետո այդ երկրները ավելի են  ամրագրել իրենց դաշնակցային կապերը։

2021 թ. հոկտեմբերի 9-ին` կեսօրին, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում մահացու վիրավորում է ստացել 1966 թ. ծնված քաղաքացիական անձ Արամ Տեփնունցը, այն ժամանակ, երբ նրա կողքին գտնվում էր խաղաղապահ զինվորը: Հարձակվողին չի զսպել խաղաղապահի ներկայությունը, նա իրեն պարտավորված չէր համարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, չէր զգուշանում հետագա պատժից ու մտահոգված էր միայն Արցախում վախի ու բռնության մթնոլորտ հաստատելով:

Դաշնակիցներից մեկը՝ Ադրբեջանը, իր տարածքում է տեղավորել օտարերկրյա զինված ուժեր, որոնք այսօր էլ դիպուկահար են ուղարկում ընդդեմ արցախցու: Այդ երկիրը Թուրքիայի կառավարմամբ միջազգայնացնում է ինքնորոշման և հայերի կենսական կարիքների հետ առնչվող բախումն ու շարունակում է հաջողություններ գրանցել` խաղալով միջազգային խոշոր ուժերի դիմակայության տիրույթներում:

Ադրբեջանի ու դրա տիրոջ` Թուրքիայի հիմնական զենքը ուժային քաղաքականությունն է, որով հաստատված փաստացի իրավիճակը դառնում է ծուղակային ելակետ թե տուժող ժողովրդի, թե միջազգային հանրության համար:

Արցախի փրկված բեկորի հայությունը, այնտեղ ապաստան գտած գաղթականության հետ միասին, այսօր ցեղասպանության հերթական հարվածի տակ է: Խաղաղապահի առկայության քողի ներքո կազմաքանդում են Արցախի պաշտպանական բանակը, այն կենսապես շահագրգռված և անհրաժեշտ ուժը, որն իր ձևավորման պահից մշտապես կասեցրել ու հետ է շպրտել եղեռնագործ Ադրբեջանին: Այդ բանակն է, որը անքակտելի պարտականություն ունի  Արցախի հայության նկատմամբ ու 2020-ի սեպտեմբերի 27-ից փրկեց հասարակությանը մինչև ատամները զինված, ահաբեկչական, խաղաղ բնակչության դեմ համապարփակ պատերազմ վարող թրքա-ադրբեջանական ոսոխից:

Այսօր Արցախի բնակիչը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի թիրախում, և ամեն մի հայ այսօր ցեղասպանի թիրախ է: Խաղաղապահները դեռևս բացարձակ երաշխիք չեն արցախահայության կյանքի ու անվտանգության համար, ցեղասպանի հոգեբանությամբ ներծծված Ադրբեջանի զինուժի համար նրանց ներկայությունը արգելք, հանդարտվելու հրամայական կամ պատժի անխուսափելիություն  չի նշանակում:

Ուստի ցեղասպանության կանխարգելման պահանջով դիմում ենք միջազգային կառույցներին` ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին, ինչպեսև գերտերությունների` ԱՄՆ –ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Իտալիայի իշխանություններին`

  1. Պահանջում ենք Արցախի ու արցախցու կյանքի ապահով երաշխիքներ, այդ թվում միջազգային ուժերի ներկայություն և անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրում։
  2. Պահանջում ենք Ռուսաստանի Դաշնությունից հստակեցնել խաղաղապահի իր առաքելության իրականացման մոտեցումները, ձևակերպել բնակչության հանդեպ ստանձնած նրա պարտականությունները, իրապես ապահովել Արցախի ու արցախցու կյանքի անվտանգությունը և ապահովել քաղաքական, տնտեսական թե իրավական բնույթի պատիժը բոլոր թշնամական գործողությունների համար։
  3. Անհապաղ հեռացնել ցեղասպան Թուրքիային Արցախի ռազմակալված տարածքներում տեղադրված «մշտադիտարկման» կայանից, ինչպես և մեր ազգային խնդիրների հետ առնչվող բոլոր բանակցություններից:
  4. Պատժել Մինսկի Խմբի բանակցային գործընթացը, այնուհետև 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաթարած հակամարդ Ադրբեջանին ու դրա հովանավոր Թուրքիային: Բացառել Թուրքիայի մասնակցությունը Մինսկի Խմբի աշխատանքներին, որը ամեն կերպ կազմաքանդում ու ոտնահարում է Մինսկի Խմբի հակասությունների կարգավորման սկզբունքները: Թուրքիան դրսևորում է մարդու և ժողովրդների իրավունքները արհամարհող և աշխարհին վտանգավոր մի նախադեպ` հակասություններն ու խնդիրները լուծել ուժի ու բռնության դիրքերից:
  5. Վերականգնել մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը առկա փաստացի իրավիճակն ու վերսկսել խաղաղ բանակցությունները Մինսկի Խմբի շրջանակում:
  6. Արցախի բնակիչներին անհրաժեշտ է զինել նրանց ինքնապաշտպանությունը ապահովելու համար։ Խաղաղապահի սահմանափակ հնարավորությունները թելադրում են նրա համագործակցությունը զինապարտ ու ռազմապես վարժված բնակչության հետ։ Պատմական իսկություն է այն ծայրագույն վտանգը, որը սպառնում է տեղաբնիկներին խաղաղապահների «ուշանալու» կամ արագ ու անսպասելի հեռանալու դեպքում։ Նման պարագաներում Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի հայությանը հանձնվեց ցեղասպանի քմահաճույքին, կամ էլ այսօր՝ խաղաղապահի ներկայությամբ, ցեղասպան հակառակորդը սպանում է խաղաղ աշխատավորին:
  7. Եթե ոչ, ապա վերոհիշյալ միջազգային կառույցներն ու գերտերությունների իշխանությունները ուղիղ մասնակից են դառնում Արցախի հայության ցեղասպանության շարունակականությանը, նաև Մերձավոր Արևելքի բնիկների դեմ ուղղված եղեռնագործության, այնպես, ինչպես դա տեղի է ունեցել հարյուր տարի առաջ՝ 1915-1923 թվականներին:

Պահանջում ենք հայկական իշխանություններից`

  1. կասեցնել 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված ցանկացած բանակցություն։ Բավ է, որ հայկական կողմը միակողմանի կատարի իր պարտականությունները, երբ ադրբեջանական կողմը լրբորեն իր «իրավունքներն» է ճոճում: Հայկական իշխանությունները պետք է ամեն տեսակ` քաղաքական, տնտեսական հնարավոր քայլերը ձեռնարկեն անպատասխան չթողնելու համար ցեղասպանի ցանկացած քայլ, անհապաղ ձեռնարկել պատժամիջոցների իրականացում:
  2. Արցախի ու արցախցու կյանքի անվտանգության համար պահանջել ԵԱՀԿ-ից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից միջազգային ուժերի ներկայություն և անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրում ցեղասպանության շարունակականությունը կասեցնելու համար:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Ադրբեջանական ԽՍՀ-ից հայերի միավորում» ՀԿ

«Կռունկ»արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Շուշի»  բռնի տեղահանված հայ ազգաբնակչության ՀԿ  

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031