Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ԱԱԾ-ում հարցաքննվել եմ, անուններ չեմ տվել»

Հոկտեմբեր 11,2021 13:00

Սեյրան Օհանյանը մանրամասներ է պատմում ժամկետանց հրթիռների հետ կապված

Հայաստանի պաշտպանության գրեթե բոլոր նախարարների նկատմամբ պաշտոնանկությունից հետո քրեական գործեր են հարուցվել՝ Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Միքայել Հարությունյան, Վիգեն Սարգսյանին ներգրավեցին քրգործում, նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2004-ին մեղադրանք էր առաջադրվել միանգամից երեք հոդվածով՝ քրեական օրենսգրքի 300, 301 եւ 318 հոդվածներով, որոնք նախատեսում էին ազատազրկում մինչեւ 10-15 տարի: Հիմա էլ Դավիթ Տոնոյանի հերթն է, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության համար: Ու այստեղ հարց է առաջանում՝ մեր բանակի ղեկավարները իսկապե՞ս մեկը մեկից թալանչի, գող, կոռումպացված, պաշտոնական դիրքը չարաշահող օրինազանցնե՞ր էին, թե՞ սա արդեն «բարի» ավանդույթ է, պիտի սերնդեսերունդ շարունակեն նախկին նախարարներին դատել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց. «Չեմ կարծում, որ պաշտպանության նախարարները կոռումպացված, թալանչի չինովնիկներ են: Դրանք շինծու գործեր են եւ շինծու միֆեր են: Նույնիսկ այս վերջին դեպքի շրջանակներում այդպես բարձրագոչ միջոցառումների իրականացումը, խուզարկությունները, հայտարարությունները նպատակահարմար չեն: Դրանք ժողովրդի համար տեսարան ապահովելու համար են՝ տվյալ իրավիճակից շեղելու, կամ այդ ֆոնի ներքո այլ գաղտնի խնդիրներ իրականացնելու: Կամ իրավիճակի համար պատասխանատուներ են փնտրում: Կոնկրետ իմ համար եմ ես պատասխան տալիս: 2 քրեական գործ կար հարուցված, որից մեկը կարճվեց, դա «Մարտի 1»-ի հետ կապված խնդիրներն էին, այդ մեղադրանքը ես չեմ ընդունել, որովհետեւ այդտեղ ես որեւիցե մեղավորություն չունեմ: Երկրորդը «ՁորաՀԷԿ»-ի գործն էր, նորից շինծու: Ինչպե՞ս կարող է ՊՆ նախարարը մեղավոր լինել, երբ այդ խնդրով զբաղվել է մասնագիտական գերատեսչությունը՝ էներգետիկայի նախարարությունը եւ «ՁորաՀԷԿ»-ի որպես խոշոր գործարք անվան տակ վաճառելն իրականացվել է կառավարության որոշմամբ, իսկ կառավարության որոշումները համապատասխան ընթացակարգով են անցնում, վերահսկում են պետության բոլոր գերատեսչությունները, իրենց կարծիքն են տալիս: Գների համեմատությունն էլ եթե վերցնենք, ապա այն ժամանակ նորմալ գնով է վաճառվել: Քննչական մարմինները փորձում են ենթատեքստ գտնել, բայց շահառուն ես չեմ, իրենք պետք է ման գան ու ինչ-որ բան գտնեն»:

Հարցին՝ Դավիթ Տոնոյանին հանիրավի՞ են մեղադրում՝ Օհանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել հանիրավի են մեղադրում, բայց ե՛ւ Դավիթ Տոնոյանը, ե՛ւ գեներալները ծանուցում ստանալուց հետո այն գեներալները չէին, որ հանգիստ չգնային եւ չմասնակցեին քննչական գործողությունների: Այդպիսի տեսարաններ ստեղծելը տեղին չէ»: Հարցին՝ կարծում եք, քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես դա չեմ կարող ասել: Նախաքննական գաղտնիություն կա, ես որպես վկա, ամբողջությամբ չեմ տիրապետում այդ գործին, թե ինչ է կատարվել: Այդ գործով զբաղվող մարմինները կարող են լիարժեք գնահատական տալ: Ես Դավիթ Տոնոյանին, որպես իմ գործընկեր եւ իմ առաջին տեղակալ, ճանաչել եմ, որպես նորմալ, գիտակ, պարտաճանաչ անձնավորություն»: Նա վստահեցրեց, որ Տոնոյանը ազնիվ է եղել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի հաղորդմամբ, Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաեւ բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ Խոսքը բանակին ժամկետանց հրթիռներ վաճառելու մասին է։ ԱԱԾ-ի միջնորդությամբ՝ ներկայումս Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը կալանավորվել են։

Ժամկետանց հրթիռները հասել են Հայաստանի պահեստներ 2011-ին՝ Սեյրան Օհանյանի օրոք: Իշխանությունները ժամկետանց հրթիռներ գնելու պատասխանատվության սլաքներն էլի ուղղում են նախկիններին: Ուստի հարցին՝ դուք տեսե՞լ եք այդ ժամկետանց հրթիռները, հրաժարվել եք գումար վճարել, ինչո՞ւ են դրանք տարիներ շարունակ մնացել պահեստներում՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մատակարարող կազմակերպությունը ներկրել է Հայաստան եւ բեռնաթափել ՊՆ պահեստներում: Հանձնաժողովը այդ խմբաքանակի շուրջ 30%-ն ընդունել է, որոնք պիտանի են եղել եւ այդ 30%-ի համար ՊՆ-ն վճարել է: Ընդ որում, համապատասխան տեղեկություն է ներկայացվում կառավարություն եւ կառավարության գանձապետարանից է վճարվել: Սպառազինությունը այդպես է ձեռք բերվում, այնպես որ, երբ մարդիկ ասում են՝ մենք տեղյակ չէինք՝ կառավարությունն անպայման տեղյակ է լինում, հատկապես՝ մեծ խմբաքանակի դեպքում: 2011-ին մնացած 70%-ը նպատակահարմար չենք գտել ընդունելու, որովհետեւ պիտանելիության, անսարք լինելու հետ խնդիրներ են եղել: Մատակարարի կողմից խնդրվել է, որ այդ հրթիռները մնան պահեստներում եւ եթե նույնիսկ ինքը չխնդրեր էլ՝ մենք իրավունք չունեինք այդ հրթիռները տալ իրեն, մինչեւ ինքը չունենա երկրորդ լիցենզիան՝ տարանցիկ փոխադրմամբ այդ հրթիռները երրորդ երկիր տանելու: Ի պահ է վերցվել, որպեսզի մատակարար կազմակերպությունը որոշի դրա հետագա ճակատագիրը: Քանի որ հրթիռները եղել են ոչ պիտանի, միգուցե ինքը այդ լիցենզիան չի կարողացել ձեռք բերի: Հնարավոր է, որ մատակարար կազմակերպությունը չի կարողացել հատ-հատ յուրաքանչյուր հրթիռը ստուգել, կամ այդ մասնագիտական հնարավորությունը չուներ: Իսկ թե ինչ է եղել՝ պետք է հարցնել համապատասխան գերատեսչություններին: Ես այդ հարցով ԱԱԾ-ում որպես վկա քննվել եմ, բացատրել եմ, իմ համար նպատակահարմար չի եղել ինչ-որ մեկի անունը տալու: Ես անուններ չեմ տվել, ընդհանուր գործընթացն եմ բացատրել, թե դա ինչպես է տեղի ունենում: Իրենք ունեն այդ տեղեկությունները, թե ովքեր են եղել հանձնաժողովում ու ովքեր են ընդունել: Մնացածը գաղտնիությունից ելնելով չեմ կարող ասել»:

Օհանյանը բացառում է, որ այդպիսի մեծ գործարք լիներ ու վարչապետը տեղյակ չլիներ. «Սովորաբար կառավարությունների ղեկավարները մեծ խմբաքանակի դեպքում այդ տեղեկությունները ունենում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031