Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանին դիտել որպես թուլացող տերություն, իսկ ԱՄՆ-ին՝ որպես տարածաշրջանում աճող ուժ. «Սպիտակ թուղթ»

Հոկտեմբեր 11,2021 12:30

Սկիզբը՝ այստեղ:

Որո՞նք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Արեւմուտք
(ԱՄՆ եւ Եվրոպա)

ԱՄՆ-ը եւ Եվրոպան, առանձին վերցրած, թե ավելի շատ ընդհանուր՝ Արեւմուտք եզրի ներքո, եղել են Հայաստանի պատմության անբաժանելի մասը՝ տարբեր անվանումներով. Հայկական հարց, Հայկական գործ, Հայոց ցեղասպանության ճանաչում: Տարբեր ժամանակներում Արեւմուտքը եղել է կախարդական փրկիչ, ոգեշնչման աղբյուր եւ երեւակայված դաշնակից (եւ երբեմն՝ այդ ամենը միաժամանակ), որը գրեթե երբեք չի տվել այն, ինչ հայ ժողովուրդն ակնկալել է: Ղարաբաղյան հակամարտությունը եւ դրա լուծման համար մղված պատերազմները չեն թուլացրել շատերի այն հույսերը, թե Արեւմուտքը կգործի իբրեւ դաշնակից՝ միաժամանակ հաստատելով ուրիշների կասկածները. եւ սա հարց է առաջ բերում այն մասին, թե հայ ժողովուրդը պատմությունից ինչ-որ բան սովորե՞լ է, արդյոք:

Ուստի, զարմանալի չպետք է լինի, որ Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների եւ նրա նկատմամբ քաղաքականության տարբերակների մի լայն ներկապնակ կարելի է տեսնել. շարունակական ապավինումից մինչեւ հիասթափություն ու սահմանափակ օգնություն, եւ նույնիսկ հակառակություն:

Մասնակիցների մի խումբ կարծում է, որ Արեւմուտքը դեռ կարող է դաշնակից լինել, եւ որ Հայաստանը պետք է.
Ա. Եվրոպան համարի նախատիպ եւ ձգտի դառնալ նրա մի մասը: Եվրոպան պետք է լինի պետության եւ հանրության հարաբերությունների առաջնորդող լույսը. Հայաստանը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի պատերազմի ընթացքում վնասված եվրոպական արժեքներին եւ գնահատի Հայաստանում Արեւմուտքի շահերը:

Բ. Մերձենա ՆԱՏՕ-ին:
Գ. Մերձենա ԱՄՆ-ին եւ ինտեգրվի Եվրոպային կամ խթանի երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները Եվրոպայի հետ՝ որպես Ռուսաստանի ազդեցությանը հակակշիռ։
Դ. Ինտեգրվի եվրոպական կառույցներին՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսին է կրթությունը՝ չնայած Ռուսաստանի հետ սերտ համագործակցությանը։ Օգտագործի արեւմտյան չափանիշները՝ կյանքի բոլոր ոլորտներն արդիականացնելու համար։
Ե. Ձգտի ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ կապերի սերտացմանը՝ օգնելու ժողովրդավարության գոյատեւմանը Հայաստանում։
Զ. ԱՄՆ-ին դիտի որպես առանձին, եզակի տերություն, որն ուժեղ ազդեցություն ունի տարածաշրջանում։
Է. Սպասարկի ԱՄՆ-ին այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը հետաքրքրված է տարածաշրջանով:
Ը. Ռուսաստանին դիտի որպես թուլացող տերություն, իսկ ԱՄՆ-ին՝ որպես տարածաշրջանում աճող ուժ:
Մեկ այլ խումբ հաշտվել է, որ սահմանափակումներ կան այն հարցում, թե ինչ կարող է խնդրել Հայաստանը, եւ թե ինչ կարող է տրամադրել Արեւմուտքը: Հետեւաբար, Հայաստանը պետք է.
Թ. Հաղթահարի այն ակնկալիքը, որ Եվրոպան կամ Արեւմուտքը Հայաստանին օգնության կգան, քանի որ «մենք քրիստոնյա ենք», կամ որ «նրանք մեզ սիրում են»։
Ժ. Արեւմուտքից վերցնի այն, ինչ կարող է, քանի որ Հայաստանին այլ բան չի մնում, բացի Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվելը։
Ի. Արեւմուտքն օգտագործի որպես ներդրումների եւ տեխնոլոգիական առաջընթացի աղբյուր։
Լ. Արեւմտյան երկրները դիտի միայն որպես հեռավոր եւ ոչ հուսալի աջակիցների։
Խ. Չգերագնահատի Արեւմուտքի դերը եւ, հետեւաբար, փորձի այդ երկրներն օգտագործել Ռուսաստանի ազդեցությանը հակադրվելու համար: Արեւմուտքը կարող է մասնակցել միայն այն չափով, որքանով նրա նպատակները չեն հակասի Ռուսաստանի շահերին, ինչպես դրանք սահմանված է Ռուսաստանի կողմից։
Ծ. Արեւմուտքը համարի ներկայումս անկարեւոր գործոն, բացի նրանից, եթե խոսվում է այն Արեւմուտքի մասին, որն առաջնորդվում է Եվրոպայի կողմից։
Կ. Հասկանա, որ Արեւմուտքը հետաքրքրված չէ Հայաստանով, բայց, դրանով հանդերձ, այդ պետություններից ստանա այն, ինչ կարող է:
Կան նաեւ այնպիսիք, որոնք դեմ են այդ դիրքորոշումներին եւ պնդում են, որ Հայաստանը պետք է.
Հ. Գիտակցի, որ Արեւմուտքը հասունացել է նահանջի համար, եւ պատմությունը ցույց է տվել, որ արեւմտյան միջամտություններն աղետից բացի, այլ բանի չեն հանգեցրել։
Ձ. Նույնիսկ չմտածի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Գիտակցի, որ Արեւմուտքը չունի ինչպես գործող ռազմավարական քաղաքականություն, այնպես էլ այս տարածաշրջանի վերաբերյալ կամ անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում որեւէ վճռականություն, չնայած Հայաստանը երազում է Արեւմուտքի մասին: Չմոռանա, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։
Ղ. Չապավինի ԱՄՆ-ին: Նախագահ Բայդենը չի կարող վերադառնալ 1990-ական թվականների ԱՄՆ քաղաքականությանը: ԱՄՆ-ը չի կարող դառնալ Ռուսաստանը հավասարակշռող գործոն։
Ճ. Նկատի ունենա, որ ԱՄՆ-ը հարց է տալիս. «Հայաստանը մեզ հե՞տ է»: Ռուսաստանի եւ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները նյարդայնացնում են արեւմտյան երկրներին, եւ Հայաստանը համարժեք փոխհատուցում չի ստանա արեւմտյան որեւէ կողմնորոշման համար, որը կարող է մտքով անցկացնել։
Մ. Հասկանա, որ ներկա պայմաններում արեւմտամետ կողմնորոշումը եւ ՆԱՏՕ-ամետ քաղաքականությունը կարող են վտանգավոր լինել Հայաստանի համար:

Շարունակելի
«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
09.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031