«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակն այսօր շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին:
Նա խիզախորեն բարձրաձայնել է Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին եւ համառորեն գործել՝ հանցագործներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտարարվել է Իտալիայի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:
«Ջուլիեն Լուսենգեի բացառիկ ձեռքբերումները հիշեցնում են մեզ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեկ մարդը նույնիսկ անհաղթահարելի թվացող ճնշման եւ ռիսկերի հանդիպելիս: Ճանաչման արժանացնելով նրա խիզախությունը, նվիրումն ու անձնազոհությունը՝ մենք լիահույս ենք, որ նա կարող է նաեւ ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին՝ մտածելու այն մասին, թե ինչ կարող ենք անել նրանց համար, ում իրավունքները խախտվում են, եւ ովքեր մեր աջակցության եւ համերաշխության խիստ կարիքն ունեն»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
Կարդացեք նաև
«Կորոնավիրուսի համավարակը մեզ վերջնականապես ցույց տվեց, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհի մի անկյունում, որքան էլ հեռու լինի այն, ազդում է բոլորիս վրա: Մենք չենք կարող անտարբեր մնալ այլոց տառապանքների նկատմամբ. մենք չենք կարող մեզ թույլ տալ անհոգ լինել: Այսօր, առավել քան երբեւէ, մենք պետք է թույլ տանք, որ մեզ միավորեն եւ առաջնորդեն երախտագիտության եւ մարդկայնության համընդհանուր արժեքները, ինչպես դրանք առաջնորդում են 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը:
Որպես 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորան» կառաջարկի նրան մրցանակի 25%-ն ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը: «Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնել են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի: Բացի դրանից, տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են համայնքներում գործող եւ կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, զորացնում գենդերային բռնության զոհերին եւ օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ, որոնց եւ նա կնվիրաբերի ֆինանսական միջոցներ՝
- Կոնգոյացի կանանց հիմնադրամ,
- Կոնգոյի համերաշխության լիգա,
- «Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման եւ խաղաղության»:
«Ջուլիեն Լուսենգեի եւ նրա կազմակերպությունների՝ կանանց աջակցությանն ուղղված բացառիկ աշխատանքը, ինչպես նաեւ նրա քաջությունն ու հաստատակամությունը՝ հակադրվելու տեղական հզոր ուժերին հանուն կանանց պաշտպանության, գթասրտության, բարության եւ նվիրումի լավագույն օրինակն են: «Ավրորայի» ամենակարեւոր նպատակներից մեկը նման հերոսներին քաջալերելն է, եւ մենք երախտապարտ ենք, որ ունենք այդ հնարավորությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին:
SOFEPADI կազմակերպության գործունեության մի մասը կազմում են հիվանդանոցն ու շարժական կլինիկաները, որոնք համապարփակ բժշկական եւ հոգեբանական օգնություն են տրամադրում սեռական բռնության զոհերին: 2010-2020 թթ. բժշկական կենտրոնն ընդունել եւ բուժել է 6.284 մարդու, որոնցից 567-ը՝ ներքին տեղահանված անձինք: SOFEPADI-ն նաեւ խրախուսում է սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը եկամտաբեր գործունեությամբ, արհեստների ուսուցմամբ եւ դպրոցներում ներգրավմամբ, իսկ փրկվածներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն եւ ներկայացուցիչ դատարանում:
«Ավրորան» համաշխարհային շարժում է, որի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Շնորհիվ հարյուրավոր մարդկանց, որոնք արդեն միացել են մեզ, այն ազդեցությունը, որին կարողացել է հասնել «Ավրորան», բառացիորեն փոխում է աշխարհը: Մեզ համար պատիվ է ճանաչման արժանացնել Ջուլիեն Լուսենգեի նման հերոսների եւ կարողանալ ներկայացնել եւ խթանել նրանց աշխատանքը՝ ամբողջ աշխարհից մեր աջակիցների եւ նվիրատուների օգնությամբ»,- նկատեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մրցանակը փոխել է պատերազմից, հակամարտություններից եւ մարդասիրական այլ ճգնաժամերից տուժած ավելի քան 1.000.000 մարդու կյանք: Գործողությունների վրա հիմնված այս բարեգործությունը, որի նպատակն է հասնել շոշափելի արդյունքի, հնարավոր է դառնում աջակիցների շնորհիվ, որոնց նվիրատվություններն ընձեռում են հնարավորություն՝ շարունակելու աջակցել մերօրյա հերոսներին: «Ավրորան» բարձր է գնահատում իր առաքելությանն ուղղված յուրաքանչյուր հանձնառություն եւ կոչ է անում յուրաքանչյուր անհատի՝ միանալու եւ աջակցելու մարդասիրական ջանքերին:
Միեւնույն ժամանակ շարունակվում են 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը հաղթահարել է անձնական մեծագույն մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հանրային կապերի բաժին