Դիլիջանում այսօր քաղաքի օրվա կապակցությամբ մի շարք միջոցառումներ են կազմակերպվել։
Վարպետաց դասեր, համերգային համարներ, ինչպես նաև Դիլիջանի համայնքային կենտրոնը և «Իմպուլս» կառավարման ընկերությունը համատեղ կազմակերպել էին շաբաթօրյակ – մրցույթ քաղաքի բոլոր թաղամասերի համար։
Մրցույթի մասնակիցները պետք է առանց տարիքային սահմանափակման թաղամասի բնակիչներից թիմ կազմեին և մաքրեին իրենց տարածքի աղբը։ Ամենաշատ աղբ հավաքած երեք հաղթող թաղամասերում որպես մրցանակ կառուցվելու է մանկական խաղահրապարակ։
Կարդացեք նաև
Մրցույթի ավարտին կազմակերպիչները, ամփոփելով արդյունքները, նշեցին, որ չնայած ցրտին՝ շաբաթօրյակին մասնակցել են 8 թիմ՝ ավելի քան 100 դիլիջանցի։ Ընդհանուր հավաքվել է մոտ 150 տոպրակ աղբ։
Մրցույթի հաղթող ճանաչվեցին Աբովյան, Թախտա և Նոր Շամախյան թաղամասերը։
Մրցույթի ամփոփման իր ելույթում ԴՀԿ տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ընդգծեց, որ այսօր բնակիչները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք սրտացավ են իրենց քաղաքի նկատմամբ.
«Նույնիսկ այս ցուրտ եղանակը չխոչընդոտեց, որպեսզի մենք համախմբվենք և լծվենք գեղեցիկ ու բարեկարգ Դիլիջան ունենալու գործին։ Ես վստահեցնում եմ, որ նման միջոցառումները ունենալու են շարունակական բնույթ»։
Հովհաննիսյանը նաև վստահեցրեց, որ թաղամասերում խաղահրապարակների կառուցումը կլինի շատ սեղմ ժամկետներում։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ