«Ստեղծված հնարավորություններն օգտագործելու, մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդունի սուվերեն որոշումներ»,-այսօր «Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով, ի հեճուկս այն ջանքերի, որ ոմանք գործադրում են հանրության մեջ սերմանելու, որ վերջ, Հայաստանն ի վիճակի չէ սուվերեն գոյության, անկախություն ունենալու, եւ որ ժողովրդավարությունը շատ վատ բան է, սուվերեն որոշումների կարողությունը պայմանավորված է երեք բանով՝ անկախությամբ, ժողովրդավարությամբ եւ անվտանգությամբ:
«Մեր անկախությունը, սուվերենությունը այլընտրանք չունի եւ քննարկման, սակարկման առարկա լինել չի կարող»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Կարդացեք նաև
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ Աստանայի ձեւաչափը հաջողված է, որովհետեւ Սիրիան դարձավ հատվածային եւ Աստանայի ձեւաչափով շատ հարցեր լուծվում են հատվածներում, ինչը նրան ավելի շահեկան դիրքերում էր դնում՝ քան մեր երկրի ձեւաչափը:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, որը նույնպես ներկա էր քննարկմանը, ասաց, որ ինքն այնպիսի տպավորություն չունի, թե Արեւմուտքն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին»: Պարոն Բաբաջանյանը հիշեցրեց՝ Քի Վեսթի, տարածքների փոխանակման եւ ընդհանրապես միջանցքի գաղափարն առաջարկել է հենց Արեւմուտքը՝ Միացյալ նահանգները. «Հայաստանը համաձայնել է Քի Վեսթում այդ տարբերակով եւ այդ ժամանակ Ռուսաստանն է ընդդիմացել եւ դա չի կենսագործվել Ռուսաստանի ջանքերով»:
Արման Բաբաջանյանն ասաց, որ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ դեսպանին հարցրել է՝ նա կարո՞ղ է Ֆրանսիայի գործընկերոջ օրինակով հայտարարել, որ Միացյալ նահանգները դեմ է միջանցքին, սակայն, ըստ, Արման Բաբաջանյանի, դեսպանն ամեն ինչ ասել է՝ բացի ուղիղ պատասխանից. «Հետեւաբար չենք կարող վստահաբար ասել, որ, եթե մեզ պարտադրվի այդպիսի սցենար, Միացյալ նահանգները թույլ չի տա դրա կենսագործումը»:
Նրա խոսքով, ինչ վերաբերում է Իրանի պահվածքին, ապա այն նշմարվել է 2016-ի քառօրյա պատերազմում, երբ Իրանը ոչ միայն չեզոք դիրք չգրավեց, այլեւ պրո ադրբեջանական էր. «Դա փորձում էինք պայմանավորել այնտեղ հաստատված բարեփոխական իշխանությամբ, որտեղ ավելի ազդեցիկ էին ադրբեջանցիները եւ հույս կունենանք, որ այո, Իրանում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել պահպանողականների գալով, կարող են էապես բարելավել Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները, որովհետեւ հենց պահպանողական իշխանության օրոք են զարգացում ապրել Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ