Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում կան դերակատարներ, որոնք դեմ են «Զանգեզուրի միջանցքին». պետք է օգտագործել դա եւ դուրս գալ թուրք-ադրբեջանական ճնշումների տակից. Արմեն Պետրոսյան

Հոկտեմբեր 09,2021 14:27

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ենթադրում է աշխարհաքաղաքական որոշակի վերափոխումներ: Այստեղ կան ե՛ւ տարածաշրջանային դերակատարներ ե՛ւ արտատարածաշրջանային: Բավականին բարդ իրադրություն է ստեղծվել եւ պետք է կարողանանք սահմանել Հայաստանի համար այն հաստատունները, որոնցից պետք է բխեցվեն գործողությունները»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ նշելով, որ այս ամենում առանցքային դեր ունի Հայաստանը, մասնավորապես՝ Սյունիքի հատվածը:

Միջոցառումը կազմակերպել էր «Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնը»: Թեման «Իրանի աշխուժացումը եւ տարածաշրջանային թեժ զարգացումներն» էր: Ըստ պարոն Օրդուխանյանի, Արցախյան պատերազմը մի փուլ էր, որը տարածաշրջանում այլ գործընթացներ գեներացնելու պատճառ հանդիսացավ:

«Մենք տեսնում ենք, որ բոլորի՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Արեւմուտքի, Հնդկաստանի շահերը բախվում են հենց Սյունիքում: Եվ մեր դիրքորոշումից շատ բան է կախված լինելու»: Ըստ քաղաքագետի, Հայաստանի սուվերեն տարածքով անցնող որեւէ հաղորդուղի, ապաշրջափակման դեպքում պետք է միանշանակորեն լինի ՀՀ վերահսկողության տակ. «Մեզ համար կենսական նախագիծ է Հայաստան-Վրաստան-Իրան հավասարակշռող ձեւաչափը եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ գործարկվի այս ձեւաչափը: Սա Հայաստանին տալու է ենթակառուցվածքային հնարավորություն, այդ թվում եւ մրցակից է դարձնելու Ադրբեջանին՝ Վրաստանով անցնող ենթակառուցվածքային հնարավորություններին: Երրորդ՝ Սյունիքի հատվածով Իրանի հետ սահմանի վերափոխումը որեւէ վերանայման ենթակա չպետք է լինի, որեւէ հարկադրանքի, առաջարկի տեսքով՝ արտաքին ուժերի կողմից: Եվա այդ առաջարկները լինեն այնքանով գրավիչ, որ մենք հակվենք ինչ-որ ձեւով այս սահմանի հարցը դարձնել քննարկելի: Որեւէ պարագայում չպետք է անենք գործողություններ, որը մեզ կթշնամացնի Իրանի հետ»:

Պարոն Օրդուխանյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն էլ չպետք է փոխարինել այլ ձեւաչափով, բայց զուգահեռ հնարավորություն լինի կիրարկել «3+3» ձեւաչափը: Ըստ նրա «3+3»-ում կա մի պետություն՝ Ռուսաստանը, որը կա նաեւ Մինսկի խմբում:

Քաղաքագետ, Բրյուսովի համալսարանի դասախոս Արմեն Պետրոսյանի խոսքով, այն լարվածությունը, որը ստեղծվել է Իրան-Ադրբեջան հարաբերութուններում, ուղիղ հետեւանք է 44-օրյա պատերազմի արդյունքում տեղի ունեցած փոփոխված ուժային բալանսի, հաջողություն  արձանագրած թուրք-ադրբեջանական քաղաքականության, որը դրսեւորվում է Իրանի դեմ:

Թուրք-Ադրբեջանական դաշինքն, ըստ Արմեն Պետրոսյանի, նպատակ ունի դուրս մղել Իրանին տարածաշրջանային գործընթացներից, որպես ակտիվություն դրսեւորող դերակատար եւ միկրո եւ մակրո մակարդակում հնարավորինս թուլացնել Ադրբեջանի կախվածությունն Իրանից, որովհետեւ Ադրբեջանի անկախությունից հետո, Իրանը ակտիվ կերպով՝ կրոնական, մշակութային գործոնը շեշտադրելով մրցակցել է այս երկու պետությունների հետ:

«Մինչեւ Գորիս-Կապան ճանապարհի միջադեպը, ադրբեջանական կողմը դիվանագիտական ճանապարհով զգուշացրել էր Իրանին դեպի Արցախ մատակարարումները դադարեցնել: Ինչին հաջորդեց կոնկրետ գործողությունը»:

Ըստ նրա, Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում կոչ էր արել բարեկամ երկրներին ներգրավել շինարարական գործընթացներում, բայց, ուշագրավ է, որ իրանական կողմին չի դիմել: Պարոն Պետրոսյանի խոսքով հասարակական, քաղաքական մակարդակում Իրանի հանդեպ Ադրբեջանում, մշտապես գեներացվում է ատելություն:

«Զանգեզուրի միջանցքի բացառումը ներկայում կարեւորագույն թեմա է Իրանի համար, որով նա կարող է վերադառնալ տարածաշրջան: Մենք տարածաշրջանում ունենք միակ դերակատարը, որը բացեիբաց բացառում է Զանգեզուրի միջանցքի հարցը եւ չի բացառվում, որ ադրբեջանաթուրքական տանդեմի այդ գործողությունների նպատակներից մեկը միտված է Իրանի դիրքորոշման փոփոխությանը»:

Արմեն Պետրոսյանի խոսքով, կան դերակատարներ, որոնք ակնհայտորեն դեմ են դուրս գալիս թուրք-ադրբեջանական տանդեմին եւ հնարավորինս հմտորեն օգտագործելով այդ հնարավորությունը՝ պետք է դուրս գալ թուրք-ադրբեջանական ճնշումներից:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031