Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը չի բացառել, որ այն քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել եւ հիվանդացել են քովիդով, ինչ-որ ժամանակ անց վճարովի բուժում ստանան։ Թիվն էլ շրջանառում է՝ 800 հազար դրամ։
Առողջապահական խնդիրների մասին բարձրաձայնող մի շարք գործիչներ արդեն իսկ սոցիալական ցանցերում գրառումներ են անում այս հնարավոր որոշման մասին։ Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանն ասում է, որ եթե կառավարությունը նման որոշում ընդունի, ապա դա կլինի սովորական կորոնաֆաշիզմ։ «Ավելի լավ կասեն իրավաբանները, բայց չի կարող այդպես լինել, որ մարդկանց չբուժեն, բուժման արգելք դնեն, հիմա մենք տեսնում ենք, եւ Եվրոպայի խորհուրդն էլ է հայտարարել, որ մարդը պիտի պատվաստման համար կամավոր որոշում կայացնի։ Եվ ո՛չ բարոյական, ո՛չ ֆիզիկական, ո՛չ այլ ճնշումներ չեն կարող մարդու վրա ազդել։ Եվ այս որոշումները, հայտարարություններն արդեն մոտենում են, այսպես կոչված, կորոնաֆաշիզմին, եւ սա դիսկրիմինացիա է»։
Նկատեցինք, որ հակածխախոտային կոշտ քաղաքականություն տանող մի շարք երկրներ նմանատիպ մոտեցումներ ունեն, որ, օրինակ, պետությունն ինչո՞ւ պետք է բուժի ամբողջ կյանքում ծխած եւ թոքերի քաղցկեղ ստացած մարդուն։ Էդուարդ Հովհաննիսյանն ասում է. «Դե, էդ դեպքում եկեք՝ բժիշկը թոքի քաղցկեղով հիվանդին հարցնի՝ ծխո՞ւմ ես, մենք քեզ պետպատվերով օնկոլոգիա չենք բուժի, իսկ եթե չես ծխում, բուժում ենք։ Էդ մակարդակի՞ ենք հասել։ Իրենք նույնիսկ չեն հասկանում, թե ուր են մտնում։ Դա սարսափելի է։ Ես չգիտեմ՝ ո՞վ է նման մտքեր խորհուրդ տվել, բայց դա դեմ է ամեն ինչին՝ բժշկական, հումանիստական, իրավականներն էլ թողնում եմ իրավաբաններին»։ Բժիշկն ասում է, որ չգիտի նման որեւէ օրենսդրություն, եթե ինչ-որ տեղից էլ վերցրել են, ապա երեւի՝ հյուսիսկորեական փորձից։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում