Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են նաեւ Կարսի պայմանագիրը: Այդ փաստաթուղթը ստորագրվել է ուղիղ 100 տարի առաջ, եւ ընդամենը մի քանի օր անց կլրանա ուղիղ մեկ դարը: Չնայած մասնագետների պնդումներին, որ այն իրավական ուժ չի ունեցել, այնուամենայնիվ, պայմանագիրը գործել է վերջին հարյուրամյակում: Բանն այն է, որ պայմանագրի կողմերն այդ ժամանակ միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն եղել, հետեւաբար՝ այդ փաստաթուղթը չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից:
Պայմանագրով Թուրքիային անցան Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջեւանի մարզը, որը ձեւավորվել է Երեւանի նահանգի Նախիջեւանի եւ Շարուր-Դարալագյազի գավառների մի մասի տարածքում: Այն ժամանակ մարզը հայտարարվեց ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի որեւէ երրորդ կողմի։ Այստեղ խոսքը Իրանի մասին է, որն այդ եւ մի շարք այլ տարածքներ ցարական Ռուսաստանին էր զիջել Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերով եւ փաստացի չէր մասնակցում Լենին-Քեմալ բանակցություններին: 100 տարի անց, փաստորեն, Իրանը տեսնում է Կարսի պայմանագրի դիտարկման հնարավորություն կամ միտում:
Սա լավ առիթ է Հայաստանի համար՝ օրակարգ բերելու շատ ավելի իրավական հիմք ունեցող 1920 թ. օգոստոսի 10-ին կնքված Սեւրի պայմանագիրը, որով Կարսի մարզը եւ Արեւմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը ճանաչվել են Հայաստանի Հանրապետության մաս։ Այս փաստաթուղթն ստորագրողները ժամանակին եղել են միջազգայնորեն ճանաչված սուբյեկտներ, եւ այն կյանքի չկոչվեց միայն քեմալական Թուրքիայի միակողմանի գործողությունների հետեւանքով:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում