Ժողովրդավարության մասին դեկլարատիվ հայտարարությունների քողի տակ Հայաստանում գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ամբողջությամբ հակասում են ժողովրդավարության անգամ ամենատարրական նորմերին։ Մութ գործարքների արդյունքում Կառավարությունը դառնում է երկրի ամենախոշոր հանքարդյունաբերող ընկերություններից մեկի բաժնետերը՝ դա ներկայացնելով՝ որպես «ժողովրդի սեփականություն»։
«Ժողովուրդը» գուցե ծափահարում է այդ պոպուլիստական քայլին, այն դեպքում, երբ այն ամբողջությամբ հակասում է տնտեսական ժողովրդավարության՝ ազատ շուկայական հարաբերությունների բոլոր կանոններին։ Ընդ որում, այդ ընկերության սեփականատեր դարձած կառավարության ղեկավարը «հույս է հայտնում», որ կառավարության բաժնեմասը կշարունակի աճել։
Այսինքն՝ հենց այնպես, «ոտքի վրա» ջախջախվում է ժողովրդավարության տնտեսական հենքը՝ ազատ շուկայական հարաբերությունները, մասնավոր սեփականության ինստիտուտի անձեռնմխելիությունը, բայց դա մի տեսակ համարվում է նորմալ, հնչում են մի քանի քննադատություններ, իսկ տասնամյակներ շարունակ Հայաստանում տնտեսական բարեփոխումների ու ինստիտուցիոնալ ազատությունների ջատագով միջազգային կառույցները պահպանում են լեթարգիական լռություն։ Ինչպես որ արձագանքի չի արժանանում իրողությունը, որ երկրի ղեկավարը կառավարության նիստում մարդկանց կալանավորելու ցուցումներ է տալիս՝ ոչնչացնելով իշխանության թևերի տարանջատման, դատական իշխանության անկախության՝ ժողովրդավարության սրբության սրբոց համարվող սկզբունքները։
Այս պայմաններում քաղաքացիներին սոցցանցերում վիրավորանք գրելու համար քրեորեն հետապնդելը կամ բարձրախոսով անհնազանդության ակցիա անցկացնելու պատճառով բերման ենթարկելն արդեն համարվում է նորմալ ու օրինաչափ։ Եվ կրկին քար լռություն բոլոր ներքին ու արտաքին այն կազմակերպությունների կողմից, որոնք տասնամյակներ շարունակ աղմուկ են բարձրացրել ժողովրդավարության որևէ նորմի անգամ ամենաաննշան խախտման դեպքում։
Կարդացեք նաև
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում