Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավաբանական եւ լրագրողական հանրությունը «ոսկորի» պես կանգնել է իշխանությունների կոկորդին»

Հոկտեմբեր 09,2021 14:00

«Իշխանությունն ամեն գնով փորձելու է կազմաքանդել ժողովրդավարական հասարակության այս երկու պաշտպանական հանրույթներին». Առավոտի» զրուցակիցն է փաստաբան, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը:

– Մի քանի դեպքեր են հայտնի արդեն, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ Նիկոլ Փաշինյանի գրառումների տակ վիրավորական մեկնաբանությունների համար: Ո՞ւր կտանի մեզ այս գործընթացը:

– Քրեական օրենսգիրքը նախորդ գումարման ազգային ժողովի կողմից համալրվեց, այսպես ասած՝ «մոռացված հին, բայց նոր» հոդվածով՝ 137.1, որի առաջին մասը սահմանում է. «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով»: Ինչո՞ւ հին, քանի որ մինչեւ 2010 թվականը Քրեական օրենսգիրքը պարունակում էր համանման 2 հանցակազմ՝ մեկը վիրավորանքի, մյուսը՝ զրպարտության համար։ Նշված հանցակազմերը հանվեցին Քրեական օրենսգրքից ԵԽԽՎ հորդորներով, եւ այդ գործերը դարձան քաղաքացիական դատարանի քննության առարկա, Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունների շնորհիվ ձեւավորվեց բավականին կայուն դատական պրակտիկա։

Ի՞նչ եղավ հետո. նախորդող մեկ տարվա իրադարձությունները իշխանություններին ու հատկապես գլխավոր իշխանավորին դրեցին անհարմար իրավիճակի մեջ, հիշո՞ւմ եք՝ ուր գնում էր հայհոյում էին։ Զրպարտության գործերով չէին կարողանում հաջողության հասնել դատարաններում, հիշո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանի դստեր հայցը հասարակական գործիչներից մեկի դեմ, ինչով ավարտվեց։ Արդյունքում իշխանությունները որոշեցին կրկին շարժվել կացնային տրամաբանությամբ, վերցրեցին եւ կրկին քրեականացրեցին վիրավորանքը։ Ընդ որում՝ նոր հանցակազմի վերլուծությունից պարզ է դառնում, որ դրանում ինչ-որ չափով նաեւ զրպարտությունն են խցկել՝ «արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը»։

Հանցակազմն ինքնին, իմ կարծիքով, հակասահմանադրական է՝ առնվազն այն պատճառով, որ չի բավարարում իրավական որոշակիության սկզբունքին, անհասկանալի է, թե ո՞րն է հայհոյանքը, ո՞րն է անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ ծանր եղանակով վիրավորելը։ Օրենքի ընդունման կողմնակիցները բացատրում էին, որ հայհոյանքն ակնհայտ բան է ու հանցակազմը ծայրահեղացված կիրառում չի ունենալու, սակայն ես արդեն գիտեմ դեպք, երբ քրեական գործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանին «թուրք եւ ստահակ» անվանելու համար։ Խոսքը հանրային դեմքին վերաբերող գործի մասին է, մանրամասները շուտով կհանրայնացնեմ:

Տեսնո՞ւմ եք, ինչ արտահայտություններ են. սա նշանակում է, որ գործընթացի շարունակությունը բացառապես վերաբերելու է իշխանություններին եւ հատկապես Նիկոլ Փաշինյանին, ցանկացած, կրկնում եմ՝ ցանկացած «թթու» խոսքի համար։ Առաջին փուլով իշխանությունները հետապնդելու են հասարակական քաղաքացիներին, երկրորդ փուլով ԶԼՄ-ներին եւ հասարակական-քաղաքական գործիչներին։

ԶԼՄ-ներն էլ ունեն լուրջ անհանգստանալու առիթ, քանի որ նույն հոդվածի երկրորդ մասը, որպես որակյալ հանցակազմ, վերաբերում է նաեւ այդպիսի նյութերը տարածելուն։ Պարզ է, եթե քրեական գործ է հարուցում որեւէ գործչի մասով, ով Նիկոլ Փաշինյանին անվանել է «ստահակ», ապա քրեական գործով անցնելու են նաեւ այդ խոսքը տարածած լրագրողները։

Սա հետընթաց չէ, սա խոսքի ազատության գահավիժում է։

– Հայաստանը ժողովրդավարության բաստեոն հռչակած ՀՀ իշխանություններին, օրերս նաեւ Freedom House-ը կոչ արեց՝ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող օրենսդրության կիրարկումը՝ այն, ըստ էության, համարելով հակասահմանադրական: Freedom House-ը նշել է նաեւ, որ սա ժողովրդավարության արժեքների հետընթաց է Հայաստանում: Ժողովրդավարության հետընթացի մասին սա միակ արձանագրումը չէ, միջազգային այլ կառույցներ եւս նշել են, որ Հայաստանում, 2018 թվականի համեմատությամբ, նկատվում են ժողովրդավարության անկում ու ազատ խոսքի սահմանափակում:

– Բնականաբար, ինչպես արդեն ասացի, ժամանակին ԵԽԽՎ հորդորով էր վիրավորանքն ապաքրեականացվել, հիմա այն քրեականացվել է ու ամբողջ իրավաբանական եւ հասարակական հանրությունը սպասում է այս դատապարտող հայտարարություններին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը թքած ունի թե ժողովրդավարության եւ թե Հայաստանի ժողովրդավարական վարկանիշը թեկուզ ձեւական մակարդակով բարձր պահելու անհրաժեշտության վրա։

Միեւնույն ժամանակ նշեմ, որ իմ տեղեկություններով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են այս հանցակազմի հակասահմանադրականության վերաբերյալ դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Հուսով եմ, որ այս տեսակի ճնշումներն իրենց արդյունքը կտան եւ այս խեղկատակ հանցակազմը կվերացվի Քրեական օրենսգրքից։

– 2018-ին հայհոյում էին, վիրավորում, դագաղներ եւ պսակներ էին դնում. իշխանավորները հակափաստարկներ են ներկայացնում, որ 2018-ին իրավիճակն այլ էր, իսկ ընդդիմադիրներն ասում են, որ այն ժամանակ իրենց էին հայհոյում, բայց նման օրենքներ չէին ընդունում: Հետեւությունը ո՞րն է:

– Հետեւությունն արդեն արեցին միասին, սա կոնկրետ իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հիվանդագին պահանջմունքների պտուղն է, իսկ հանցակազմի կիրառումն արդեն վերածվել է կրկեսի, բոլոր գործերը հարուցվում են Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար։

Հիմա ես տեղյակ եմ, որ մեր որոշ գործընկերներ նախաձեռնել են այս նույն հոդվածի հիմքով քրեական գործեր հարուցելու հաղորդումների ներկայացում՝ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, բայց արդեն ոչ թե իշխանավորներին, այլ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներին վիրավորելու համար։ Հիմա ի՞նչ են անելու իշխանությունները։ Ինձ համար պարզ է, այդ հաղորդումներով քրեական գործեր չեն հարուցվելու կամ հարուցվելու պարագայում էլ, այդ գործերը «քնեցվելու» են։

– Ի դեպ, այժմ նաեւ ԱԺ նախագահը պատգամավորին է ձայնի իրավունքից զրկում: Ավելի վաղ՝ կորոնավիրուսի համավարակի սկզբնական շրջանում էլ սահմանափակումներ եղան ու դրանց վերահսկողությունը ոստիկանությանն էր վերապահված, մինչդեռ դա ոստիկանության գործառույթի հետ աղերս չունի:

– Երբ ասում եմ խոսքի իրավունքը գահավիժում է, նկատի չունեմ միայն վիրավորանքի հանցակազմը, այո՝ բոլոր մակարդակներում եւ բոլոր հնարավոր միջոցներով է խոսքի իրավունքը ճնշվում։ Շուտով նաեւ կհանրայնացնեմ մի քաղաքացիական գործի պատմություն, որում մանրամասն կհիմնավորեմ, թե ինչպե՞ս է դատարանը ակնհայտ ապօրինի եւ կանխակալ դատական ակտ կայացրել՝ հանրային իշխանության պաշտոնյաներից մեկին իբրեւ թե զրպարտելու գործով։

– Իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ Հայաստանում խոսքի ազատության սահմանափակում չկա, անգամ այն բանից հետո, երբ խորհրդարանում լրագրողների աշխատանքը սահմանափակող նախագիծ է դրվել շրջանառության մեջ, երբ ԱԺ օթյակից լրագրողներին բառիս բուն իմաստով քաշելով դուրս բերեցին՝ արգելելով դահլիճում տեղի ունեցողը տեսանկարահանել, երբ ԱԺ նախագահի հրահանգով մի քանի անգամ դադարեցվեցին ԱԺ դահլիճից հեռարձակումները, լրագրողներն էլ դուրս հրավիրվեցին:

– Իմ կարծիքով, լրագրողական հանրության նկատմամբ ճնշումները շարունակվելու են։ Իրավաբանական եւ լրագրողական հանրությունը «ոսկորի» պես կանգնել են իշխանությունների կոկորդին եւ նրանք ամեն գնով փորձելու են կազմաքանդել ժողովրդավարական հասարակության այս երկու պաշտպանական հանրույթներին։ Այս գործընթացներին հաջորդելու են ԶԼՄ-ների նկատմամբ ամեն առիթով քաղաքացիական հայցերի ներկայացումը զրպարտության գործերով։ Մի խոսքով, ե՛ւ ձեր, ե՛ւ իմ արձանագրումները ակնհայտ իրողություններ են, հիմա պետք է քաղաքացիական սկզբունքային դիրքորոշում ունեցող հանրությունը, մասնավորապես՝ իրավաբանները, լրագրողները, հասարակական եւ քաղաքական գործիչները, միահամուռ կերպով, համադրելով ջանքերը, ամեն գնով պաշտպանեն ժողովրդավարական (չշփոթել ժողովրդական կամ ամբոխավարական) արժեք-հենասյուները, մասնավորապես յուրաքանչյուր անհատի՝ սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031